Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի մանրամասներն ու ամբաստանյալի ցուցմունքը

Ի՞նչ է իրականում տեղի ունեցել

Օրերս Armtimes.com-ը հրապարակել էր «Լիսկան է բեմադրել իր դեմ մահափորձը և ասել, որ տան Բուդաղյանների անունը» վերտառությամբ հոդված, որտեղ ամբաստանյալ Գարեն Աթաջանյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանը լրատվամիջոցի հետ զրույցում հայտարարել էր, թե իր պաշտպանյալը նախկինում վախի ազդեցության տակ է եղել, իսկ հիմա պնդում է, որ մահափորձը բեմադրություն է։

Գարեն Աթաջյանի փաստաբանի հարցազրույցի եւ դրանում հնչած տեսակետների վերաբերյալ ArmDay.am-ը պարզաբանում է ստացել Սուրիկ Խաչատրյանի փաստաբան Մարտին Զիլֆուղարյանից։ Նշենք, որ սույն գործով քրեական գործը քննվում է Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանում (նախագահող դատավոր Դավիթ Սարգսյան):

Ըստ մեղադրական եզրակացության՝ Հենրիկ Ավագյանին (քր.օր. 34-104 հոդ. մաս2 կետ1 և 235հոդ. մաս1) և Գարեն Աթաջանյանին (քր.օր. 34-104 հոդ. մաս2 կետ1 և 235հոդ. մաս1, 38-235հոդ. մաս1) մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 20.05.2015թ. նպատակադրվել են սպանել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին, սակայն հանցագործությունն ավարտին չեն հասցրել՝ իրենց կամքից անկախ հանգամանքներով պայմանավորված, քանի որ ավտոմեքենային անմիջականորեն դիպչած 18 գնդակներից սրահում գտնվող անձինք չեն վնասվել:

«2019թ. ապրիլի 5-ին դատարանում քննվող սույն քրեական գործով մեղադրյալ Գարեն Աթաջանյանը փոխել է նախաքննությունում իր տված ցուցմունքը և հայտարարել, որ իբր իրականում տեղի ունեցածը մահափորձ չէր, այլ Սուրիկ Խաչատրյանի կողմից կազմակերպված բեմադրություն: Լրատվամիջոցում հրապարակված հոդվածի վերաբերյալ ցանկանում եմ հայտնել, որ մեր կարծիքով մեղադրյալ Գարեն Աթաջանյանը, փոխելով նախաքննությունում տված ցուցմունքը, փորձում է խուսափել քրեական պատասխանատվությունից և պատժից: Ներկայումս մյուս մեղադրյալ Հ.Ավագյանը կալանավայրում է, իսկ ինքը՝ ազատության մեջ (ստորագրություն չհեռանալու մասին): Հայտնենք, որ դատական պրակտիկայում բազմաթիվ են դեպքեր (մեծամասնությունում), երբ քրեական գործերի դատաքննության ժամանակ մեղադրյալները իրենց ցուցմունքները փոխում են: Ի՞նչ կա որ, իրավունք ունեն փոխել ցուցմունքը, ցուցմունք չտալ, նույնիսկ՝ ստել: Այստեղ սակայն զարմանալին այն է, որ մեղադրյալը տուժողներից ներողություն խնդրելու փոխարեն ցուցմունքը փոխում է՝ տուժող Սուրիկ Խաչատրյանին հեղինակազրկելու, նրա պատիվն ու արժանապատվությունը ոտնահարելու, իրականությունը խեղաթյուրելու նպատակով»,- ասաց փաստաբանը, հավելելով, որ մեղադրյալ Գարեն Աթաջանյանը իր ցուցմունքում Բուդաղյանների ազգանունը չի տվել, նշել է այլ մարդու անուն: Միաժամանակ ըստ փաստաբանի՝ նույն հոդվածում մեղադյալի պաշտպան Վահան Հովհաննիսյանը լրագրողի հարցին պատասխանում է, որ խոսքը գնացել է Մաքսիմ Հակոբյանի մասին: Բացի այդ, լրագրողը (դիտավորյալ, թե առանց դիտավորության, չգիտենք) չի նշում (գուցե իրեն չեն ասել), որ դատական նիստում կարդացվել է նաև մեղադրյալի՝ նախաքննությունում տված ցուցմունքները, որի պատճառով ընթերցողը

Տուժողների ներկայացուցիչ Մարտին Զիլֆուղարյանը նաեւ նշեց․ «դատարանում մեղադրյալ Գ.Աթաջանյանի ցուցմունքը հակասում է նախաքննությում իր կողմից տրված ցուցմունքներին: Ավելին. մեղադրյալի ցուցմունքը, նրա խոսքերը և մտքերը հակասում էին միմյանց. սկզբում մեկ բան էր ասում, իսկ հետո՝ այլ, հակասող բան: Շատ հետաքրքիր էր մեղադրյալի՝ դատարանում տված հայտարարությունը, որ դատախազի, տուժողի ներկայացուցչի, մյուս մեղադրյալի պաշտպանների հարցերին չի պատասխանելու: Եվ իրականում, մեղադրյալը պատասխանում էր միայն իր պաշտպան Վ.Հովհաննիսյանի հարցերին (չենք կարող ասել՝ ինչու, գուցե հարգանքից ելնելով): Եվ քանի որ մեղադրյալը դատարանում փոխում է նախաքննությունում իր տված բոլոր ցուցմունքները, ապա, բնականաբար, դատարանի և դատավարության մասնակիցների համար հարց է առաջանում՝ ինչու՞ է նա նախաքննությունում տված ցուցմունքը փոխել»։

Փաստաբանը հրավիրում է ուշադրությունը այն հանգամանքի վրա, որ նախագահող դատավոր Դ.Սարգսյանի հարցին, թե նախաքնության ընթացքում քննիչի կողմից սպառնալիք, բռնություն, հոգեբանական կամ ֆիզիկական ազդեցություն եղե՞լ է մեղադրյալի նկատմամբ, թե՞ ոչ, որին մեղադրյալ Գարեն Աթաջանյանը պատասխանել է, որ չի եղել նման բան: «Սույն քրեական գործի քննությունը դեռևս չի ավարտվել, հետևաբար ամփոփիչ եզրակացություն կամ դիրքորոշում չենք հայտնում, ուղղակի ընթերցողների նկատմամբ հարգանքից ելնելով՝ պարզապես ներկայացնում ենք Գ.Աթաջանյանի նախաքննությունում տված ցուցմունքները, որպեսզի ընթերցողն ինքը որոշի ճիշտը սխալից, թացը՝ չորից: Գործող քրեադատավարական օրենսդրության համաձայն՝ դատարանը ավարտական փուլում է տալու ապացույցների գնահատականը, թե մեղադրյալի ո՞ր ցուցմունքներն են արժանահավատ, հետևաբար հիմք ընդունի Գ.Աթաջանյանի՝ նախաքննության ժամանակ տված կամ դատարանում տված ցուցմունքները: Եվ քանի որ մեղադրյալ Գ.Աթաջանյանի՝ նախաքննությունում տված ցուցմունքների և դատարանում 05.04.2019թ. տված ցուցմունքի միջև էական հակասություններ կան, ուստի դատախազի և տուժողների ներկայացուցչի միջնորդությամբ ընթերցվեցին մեղադրյալի բոլոր նախաքննական ցուցմունքները, որոնք, ճշմարիտ լինելուց բացի, նաև շատ հետաքրքիր են: Առաջ անցնելով նշեմ, որ մեղադրյալ Գ.Աթաջանյանը նույնաբովանդակ ցուցմունք է տվել նաև Վ.Մինասյանի հետ առերես հարցաքննության ժամանակ, որին ներկա են եղել երկու մեղադրյալները, նրանց երկու պաշտպանները»,- եզրափակեց փաստաբանը։

Մարտին Զինֆուղարյանը մեզ է տրամադրել նաեւ մեղադրյալ Գ.Աթաջանյանի՝ նախաքննությունում 02.11.2015թ. տված ցուցմունքը՝ առանց լրացնելու,փոփոխելու: