ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից առաջարկված Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը:
Օրենքի նախագծին կողմ քվեարկեց 107 պատգամավոր: Դեմ և ձեռնպահ քվեարկածներ չեղան:
Օրենքով նախատեսված կարգավորման առարկան ակցիզային հարկով հարկման նպատակով սեղմված բնական գազի իրացման ծավալները հաշվառող չափման միավորի փոփոխությունն է:
Ըստ օրենսդրական նախաձեռնության` գազալցակայաններում սեղմված գազի վաճառքի չափման միավորը խորանարդ մետրից կդառնա կիլոգրամ:
Նախագծով առաջարկվում է սեղմված բնական գազի՝ ակցիզային հարկով հարկման նպատակով կիրառվող չափման միավորը՝ 1000 խորանարդ մետրը, փոխարինել 1 տոննայով` զուգահեռաբար վերահաշվարկելով նաև ակցիզային հարկի դրույքաչափը: Մասնավորապես, նախագծով առաջարկվում է չափման միավորը վերանայել՝ հիմք ընդունելով սեղմված բնական գազի 1 խորանարդ մետրի և 1 կիլոգրամի փոխհարաբերակցության՝ տեսությամբ ու գիտականորեն ընդունվող մեծությունը (1խմ = 0.717կգ):
Այս պարագայում 1 տոննա սեղմված բնական գազի ակցիզային հարկի դրույքաչափին համապատասխանող հաշվարկային մեծությունը կկազմի մոտ 34 867 դրամ, իսկ նախագծով առաջարկվում է դրույքաչափը սահմանել մի փոքր ավելի ցածր մակարդակում՝ 1 տոննայի հաշվով 34 000 դրամ:
0Comments