Ես կարծում էի՝ իմ գործընկեր Ալեն Սիմոնյանը արժանապատվորեն կընդունի իմ առաջարկը՝ հրապարակել իր պնդմամբ այն հրավերը, որը ես ուղարկել եմ տրանսգենդեր տիկնոջ «Իրավունքի կողմ» ՀԿ-ին: Ասել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, որը մեկ օրում երկրորդ անգամ ֆեյսբուքյան լայվով անդրադարձավ այս խնդրին։
«Բայց պարոն Սիմոնյանը համառորեն շարունակում է իր մանիպուլյացիան: Իր էջում հրապարակել է անվտանգության խնդրանքով իմ կողմից տրամադրված ցուցակը, թե որ հասարակական կազմակերպություններն են դիմել մարդու իրավունքների հանձնաժողովին և ցանկություն հայտնել ներկա լինելու լսումներին: Եվ դա ներկայացրել է որպես հրավեր իմ կողմից: Սա ես համարում եմ Էժանագին մանիպուլյացիա, սա անհարգալից վերաբերունք է հանրության հանդեպ՝ մտածելով, որ հանրությունը կտեսնի իմ ստորագրությունը, և կասի՝ դե հա էլի, հրավեր է: Պարո՛ն Սիմոնյան, հրապարակեք այդ հրավերը, այլապես դուք ստախոս եք: Մենք ուզում ենք հասկանալ, թե ով է այդ բազմաթիվ կազմակերպություններին հրավիրել գրանցվելու մարդու իրավունքների հանձնաժողովում, մասնակցելու խորհրդարանական լսումներին»: Զոհրաբյանը պատմեց այն մասին, որ քիչ առաջ իրեն փոխանցել են մի շարք ՀԿ-ներ, որ Մարիա Կարապետյան անունով մեկն իրենց հորդորել է մասնակցել խորհրդարանական լսումներին. «Նշել է մեր հանձնաժողովի հեռախոսահամարը, և ասել է՝ եկեք, գրանցվեք լսումներին և մասնակցեք»,- պատմեց նա, և վերջում ասաց, որ հույս ունի, որ երրորդ լայվի կարիք չի լինի:
0Comments