Գրի և գրականության հանդեպ հետաքրքրությունը մեծացնելու, ժամանակակից ստեղծագործողների աշխատանքներին երեխաներին ու պատանիներին ծանոթացնելու նպատակով Հայաստանում ապրիլի 1-5-ը կանցկացվի «Մանկապատանեկան գրքի շաբաթը»:
«Արդեն 17 տարի իրականացնում ենք շաբաթը` հետաքրքիր միջոցառումներ կազմակերպելով գրադարաններում, դպրոցներում. գրողները հանդիպում են Երևանի և մարզերի դպրոցների աշակերտներին, զրուցում են նրանց հետ, գրքեր նվիրում: Երբ տոնը վերականգնեցինք, որոշեցինք, որ ամեն տարի բացումը կանցկացնենք Հայաստանի որևէ մարզում, իսկ փակումը`Երևանում։ Ապրիլի 1-ին «Մանկապատանեկան գրքի շաբաթ»-ի բացումը տեղի կունենա Գեղարքունիքի Դդմաշեն համայնքի դպրոցում, իսկ փակումը` ապրիլի 5-ին Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:
Անդրադառնալով ոլորտի խնդիրներին` Միլիտոնյանը շեշտեց, որ մենք քիչ մանկագիրներ ենք ունեցել, որովհետև մանկագրությունը բարդ ժանր է, և հազվադեպ մարդիկ են կարողանում ստեղծագործել այդ ժանրում: «Գրականությունը դառնում է թատրոն, վերածվում է կինոյի: Ցանկություն կա լավագույնն անելու, բայց բացթողումները շատ են: Վերջին քսանհինգ տարում մանկապատանեկան որևէ ֆիլմ չի ստեղծվել, ժամանակակից մանկապատանեկան գրականությունը դուրս է մնացել նաև թատրոններից: Ժամանակին լուրջ էին վերաբերում մանկապատանեկան գրքերի նկարազարդումներին, դրանցով նկարիչներ էին զբաղվում, իսկ այսօր ամեն մարդ մանկական գիրք է ձևավորում։ Մանկապատանեկան գրքերի ձևավորմամբ պետք է զբաղվեն լուրջ նկարիչները: Մանկապատանեկան գրքերի ձևավորմամբ պետք է զբաղվեն լուրջ նկարիչները»,-շեշտեց միության նախագահն ու հավելեց, որ մանկապատանեկան գրականության տպագրության հարցը երկար տարիներ եղել է պետական աջակցության ծրագրերում, իսկ հիմա դուրս է մնացել:
Նա ասաց, որ ամբողջ տարվա ընթացքում են այդ հարցերի մասին խոսում, քննարկում և փորձում լուծումներ գտնել:
Միլիտոնյանի խոսքով` ճգնաժամային վիճակում է նաև մանկապատանեկան մամուլը: «Մեր մանկագիրները տպագրվելու քիչ տեղ ունեն: Ավագների համար կան «Գրական թերթը», «Նորք» հանդեսը և այլն, իսկ մանկագիրները կարողանում էին մի քանի ամսագրում տպագրել իրենց ստեղծագործությունները, և այդ ամսագրերն առաջիկայում կփակվեն: Սրանք հարցեր են, որոնք մենք պետք է արծարծենք: Մենք պետք է պայքարենք, հակառակ դեպքում գրողների տպագրվելու հնարավորությունները կսահմանափակվեն, նրանք կմնան միայն սոցիալական ցանցերում»,-իր մտահոգությունը հայտնեց Միլիտոնյանը:
Միության նախագահի համոզմամբ` երեխաներին պետք է հարուստ բովանդակությամբ որակյալ մամուլ մատուցել, որը թանկ է, այնինչ գնումների գործակալությունն իրականացրել է մրցույթ, և մանկապատանեկան հայտնի ամսագրերը դուրս են մնացել այդ մրցույթից: «Ինչպե՞ս կարելի է մրցույթ անցկացնել և նախապատվությունը տալ ամենաէժան մամուլին: Արդյունքում մանկական լավագույն հրատարակությունները դուրս են մնացել մրցույթից. այդպիսիք են «Կանչը», «Ծիծեռնակը», «Աղբյուրը»: Վերջիններս չեն կարող ցածր գին ներկայացնել, եթե ցանկանում են արժեքավոր նյութ մատուցել»,-վրդովված ասաց Միլիտոնյանը:
«Մանկապատանեկան գրքի շաբաթը» Խորհրդային միության տարիներին մեծ տոնահանդեսի էր վերածվել: Միջոցառումներ են իրականացվել բոլոր միութենական հանրապետություններում: Հայաստանի անկախացումից հետո «Մանկապատանեկան գրքի շաբաթը» որոշ ժամանակ չի անցկացվել: Հայաստանի գրողների միության նախաձեռնությամբ 2002 թվականին այդ տոնը վերականգնվել է:
0Comments