Սա ինձ համար շատ յուրահատուկ ու հարազատ հաղթանակ է

Եվրոպական մարզական 2-րդ խաղերը կկայանան 2019թ. հունիսի 21-30-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում

Հայաստանի առաջատար բադմինտոնիստուհի Լիլիթ Պողոսյանը կմասնակցի Մինսկում կայանալիք Եվրոպական խաղերին.

«Մեծ ուրախությամբ ուզում եմ հայտարարել, որ պաշտոնապես որակավորվել եմ Մինսկում կայանալիք Եվրոպական խաղերին։ Ուղիղ մեկ տարի առաջ որակավորման շրջանն աշխարհում 500-րդ տեղում սկսելով ու երկու օր առաջ հասնելով կարիերայիս լավագույն արդյունքին` 226-րդը աշխարհի վարկանիշային աղյուսակում, վերջապես նվաճեցի եվրոպական խաղերի ուղեգիրը։

Շատ կասկածներ եմ ունեցել` կկարողանամ հասնել դրան, թե ոչ, բայց փոխված մտապելակերպս ու միայն խաղիս բարելավման վրա կենտրոնացվածությունս հնարավոր դարձրին հասնելու երազանքիս։

Շատ դժվար տարի էր` 15 մրցաշար, անվերջ քրտնաջան աշխատանք, կորտում և կորտից դուրս առօրյա սովորությունների կաղապարի կառավարում, և այլ մեծ ու փոքր դեպքեր ու հիմա մեծ ուրախությամբ եմ ձեզ հետ կիսվում այս լուրով։

Սա ինձ համար շատ յուրահատուկ ու հարազատ հաղթանակ է, որովհետև առաջին անգամ եմ այսպիսի մեծ մասշտաբի սպորտային իրադարձությանը Հայաստանը բադմինթոնում ներկայացնելու»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Լիլիթ Պողոսյանը:

Եվրոպական մարզական 2-րդ խաղերը կկայանան 2019թ. հունիսի 21-30-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում: