Մի տարի առաջ մեզ ասում էին՝ դավայ, դավայ

Մենք տեսնում ենք կոնկրետ այդ մարդկանց, ովքեր մեզանից առաջ տնտեսական հեղափոխությունը սկսել են, շարունակում են ու հաջողություններ ունեն

«Դեռ հունիսին ես մեր թիմի ներկայացուցիչների հետ զրույցներում ասում էի՝ ես խորապես համոզված եմ, որ Հայաստանում կան մարդիկ, ովքեր իրենք իրենց աշխատանքով վաստակում են իրենց ընտանիքի բարեկեցությունը՝ առանց որևէ մեկից որևէ բան ուզելու:  Այդ քննարկումների արդյունքում գաղափար է առաջացել ստեղծել մի հեռուստաշարք, որը կկոչվի «Մեր ժամանակների հերոսը»,որի նպատակն է ցույց տալ, որ Հայաստանում կան մարդիկ, ովքեր ուղղակի անկախ կառավարությունից, անկախ քաղաքական իրականությունից, փոփոխություններից, ունեն գաղափար, ունեն համարձակություն այն կյանքի կոչելու և դրանով ապահովում են իրենց ընտանիքի բարեկեցությունը: Ես շատ ուրախ եմ արձանագրել, որ այդ հեռուստաշարքն ամեն շաբաթ ավելի լայն ժողովրդականություն է ձեռք բերում: Մենք տեսնում ենք կոնկրետ այդ մարդկանց, ովքեր մեզանից առաջ տնտեսական հեղափոխությունը սկսել են, շարունակում են ու հաջողություններ ունեն: Մենք հիմա կարևորում ենք նրանց և ուզում ենք մյուս քաղաքացիներն էլ վստահություն ներշնչել իրենց ուժերի նկատմամբ»,- խորհրդարանում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը ընտրությունների կեղծման մասին խոսակցությունների բացակայության մասին խոսելով ,պատկերավոր այն համեմատեց առողջության հետ: Փաշինյաի խոսքերով, եթե առողջությունը կա, այդ մասին չի խոսվում, իսկ երբ չկա, բարձրաձայնվում է: Նույնն էլ ընտրությունների ժամանակ կեղծարարություններն են. երբ դրանք կան խոսվում է այդ մասին, իսկ երբ չկան, որևէ մեկը չի ասում, որ դրանք չկան. «Մի տարի առաջ, երբ մենք քաղաքացուն ազատ, արդար ընտրությունների մասին էինք ասում, մեզ ոչ ոք չէր հավատում և ասում էր՝ դավայ, դավայ: Բայց այսօր դա ոչ ոք կասկածի տակ չի դնում և այդ թեմայով նույնիսկ դիսկուրս չկա»: