Նոր Զելանդիայի մզկիթում սպանդ իրականացրած ավստրալացին ինքնուրույն կպաշտպանի իր շահերը դատարանում

Մենք համարում ենք, որ եղել է միայն մեկ հարձակվող

Նոր Զելանդիայի մզկիթում զանգվածային սպանություն իրականացնելու համար մեղադրվող 28-ամյա ավստրալացի Բրենթոն Տարանտը մտադիր է ինքնուրույն պաշտպանել իր շահերը դատարանում: Այս մասին գրում է New Zealand Herald պարբերականը։

Նոր Զելանդիայի ոստիկանության պետ Մայք Բուշն այսօր տված մամուլի ասուլիսի ժամանակ հաստատել է, որ իրենց կարծիքով՝ Քրայսթչերչ քաղաքի երկու մզկիթներում տեղի ունեցած սպանդի պատասխանատվությունը կրում է մեկ մարդ, և դա հենց Տարանտն է։

«Մենք համարում ենք, որ եղել է միայն մեկ հարձակվող։ Դա չի նշանակում, որ չէին կարող լինել մարդիկ, որոնք կարող էին աջակցել նրան, և սա շարունակում է մնալ մեր հետաքննության կարևոր մասերից մեկը», - ասել է ոստիկանապետը։

Ըստ նրա՝ այժմ տարվող հետաքննությունն ամենախոշորն է երկրի պատմության մեջ․ գործը բացահայտելու համար աշխատում է 250 մասնագետ, թեև Նոր Զելանդիայի տարածքում վտանգի մակարդակը շարունակում է բարձր մնալ։