Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը չի պատրաստվում գնալ Օպերայի հարակից տարածք եւ հանդիպել այդ տարածքում կառուցված սրճարանների ապամոնտաժման դեմ բողոքող քաղաքացիների հետ։ news.am-ին ասել է Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
Նշենք, որ լարված իրավիճակ էր ստեղծվել Օպերայի հարակից տարածքում։ Քաշքշոց էր սկսվել ապամոնտաժվող սրճարանների աշխատակիցների եւ ոստիկանների միջեւ։
Նախնական տեղեկություններով կան բերման ենթարկվածներ։ Այս պահին ապամոնտաժման աշխատանքները ժամանակավորապես դադարեցված են, քանի որ սրճարանի աշխատակիցները թույլ չեն տալիս գործարկել ապամոնտաժման տեխնիկան։
Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետարանը Ազատության հրապարակին հարող հատվածի կանաչ տարածքի վերականգնման վերաբերյալ հայտարարություն էր տարածել, ըստ որի տվյալ հատվածի քաղաքի սեփականությունը հանդիսացող հողամասերը վարձակալած եւ սրճարանային բիզնես ծավալած տնտեսավարողները քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումից ծանուցում են ստացել, որտեղ առաջարկվում էր նրանց՝ հրաժարվել վարձակալության իրավունքով տրամադրված հողամասերի մի մասից: Սա առաջացրել է սրճարանների սեփականատերերի վրդովմունքը. Նրանք ցույց են անում, փորձում են խոչընդոտել սրճարանների ապամոնտաժման աշխատանքներին, որոնք մեկնարկել էին այսօր։ Սրճարանի աշխատակիցների հետ հանդիպել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը եւ առաջարկեց ժամը 18.00–ին հանդիպել քաղաքապետարանում, քննարկել՝ միաժամանակ հավելելով, որ այդ սրճարանները միեւնույնն է քանդվելու են։ Հանդիպումը արդյունք չէր տվել։
Հավելենք, որ այսօր վաղ առավոտից լարված իրավիճակ էր մայրաքաղաքի կենտրոնում։ Ցուցարարները փակել էին Մաշտոցի պողոտան, սակայն, կարմիրբերետավորները բացեցին այն՝ բերման ենթարկելով 16 քաղաքացու եւ ուժ կիրառելով մյուսների նկատմամբ։
0Comments