Տատիներ կան չէ՞, որ տելեվիզրի հետ բանավիճում, անիծում են, մեր ընդդիմությունը հենց էդ կռվող մարդն է. Հայկ Կոնջորյան

Մանրամասներ
քպ

Այս օրենսդրական փոփոխությունը ճգնաժամային կառավարմանը միտված փոփոխություն է, և այստեղ մենք հրշեջի գործառույթ ենք իրականացնում, իսկ այդ հրդեհը մեր մեղքով չի, որ առաջացել է: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ԱԺ արտահերթ նիստին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: Հիշեցնենք, որ ԱԺ-ն արատահերթ նիստ է հրավիրել, որով ցանկանում է վարչապետին Գյումրիում քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու հնարավորություն տալ:

Կոնջորյանի խոսքով, երբ հնչում են հարցեր, թե տարբեր համայնքներում ինչու են այս իրավիճակներն առաջանում, և ինչու օրենսդրությունն այդ բազմաշերտ կյանքի ոչ բոլոր հարցերն է հասցնում կարգավորել, պատճառն այն է, որ Հայաստանի բոլոր համայնքներում  թևակոխել ենք համամասնական ընտրակարգի:

«Դրանով, քաղաքական պայքարը տեղափոխել ենք համայնքներ, և քաղաքական ուժերն այդ համայնքներում զբաղվում են քաղաքականությամբ: Այսինքն, համայնքներում գործում է պառլամենտական մոդել, և այդ պառլամենտական մոդելում այս կամ այն խմբակցության մանավանդ մեծամասնություն ունեցող խմբակցության կողմից մանդատների ամբողջական վայր դնելու արդյունքում, ստեղծվում է քաղաքական ճգնաժամ, և այդ ճգնաժամը պետք է հանգուցալուծվի։

Կարծում եմ՝ օբյեկտիվորեն մեր օրենսդրությունը դեռ պիտի հարմարվի այն քաղաքական իրականությանը, որը մենք Հայաստանի համայնքներում ներդրել ենք»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է քննադատություններին, թե իշխանությունը ԺՊ է նշանակում, որից հետո այդ վարչական ռեսուրսը չարաշահվում է, Կոնջորյանն ասաց, որ կա նաև դրա հակառակն ապացուցող փաստ. «Մենք ունեցել ենք թեկնածուներ, որոնք ԺՊ են եղել, մենք գնացել, ընտրություններում պարտվել ենք։ Ինչի՞ դրա մասին չեք ասում, ՔՊ-ի օրինակների մեջ դա էլ է եղել: Բայց որ ամենակարևորն է՝ քանի որ դուք խորհրդարանական ընդիմությունն եք և մեր քննադատն եք խորհրդարանական, լավ, բա այդ քաղաքական պայքարում, ժողովո՛ւրդ ջան, բա դուք ու՞ր եք:

Ասում եք, որ պատրաստ եք Հայաստանը փրկել, վերցնել ձեր վրա կառավարումը, դուք այդ քաղաքական պայքարի մեջ որտե՞ղ եք: Ինչի՞ Գյումրիում չկաք, ինչի՞ Վանաձորում չկաք, ինչի՞ մյուս համայնքներում դուք չկաք ու մենակ խոսում եք»,- ասաց նա:

Կոնջորյանը ընդդիմությանը համեմատեց այն մարդկանց հետ, որոնք հեռուստացույց են նայում և հեռուստացույցի հետ բանավիճում են:

«Մարդիկ կան, չէ՞, տատիկներ հատկապես կան, որ տելեվիզորի հետ անընդհատ բանավիճում են, խոսում են, ասենք բան են նայում ու սկսում են անիծել, սկսում են կռիվ անել հեռուստացույցի հետ։ Իմ մոտ տպավորություն է, որ այս մեր ընդդիմությունը այդ տելեվիզորի հետ անընդհատ կռվող մարդն է: Իրականում դուք այդ հեռուստացույցի մեջ եք, ժողովո՛ւրդ, դուք գործող անձ եք, դուք քաղաքական ուժ եք, որը պիտի գնա ոչ թե ուղղակի կողքից քննադատի, պիտի գնա մասնակցի այդ կառավարմանը համայնքներում՝ մանավանդ հաշվի առնելով ձեր մեծ ամբիցիաները Հայաստանում կառավարում իրականացնելու»,- շեշտեց նա: