ՔՊ վարչությունն ինձ չի կարող ասել՝ մանդատդ դիր, կարող է հորդորել, եթե լինի հորդոր, այդ ժամանակ կխոսենք. Աղազարյան

Մանրամասներ
քպ

Երեկ մասնակցել եմ կուսակցության նիստին, վարչությունն ինձ հրավիրել էր պարզաբանումներ տալու լսումների հետ կապված բոլորին հայտնի միջադեպի կապակցությամբ։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 20-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

Նա նշեց, որ մասնակցել է նիստի այդ հատվածին, վարչության գործընկերները տվել են բազմաթիվ հարցեր, պարզաբանելու այս կամ այն դրվագը, որից հետո  դուրս է եկել նիստից, որովհետև վարչության անդամ չէ։

«Ոչ թե չգիտեմ՝ ինչ որոշում են կայացրել, այլ չգիտեմ՝ որոշում կայացրել են, թե ոչ: Ոչ մի դժգոհություններ չունեին, բոլորն էլ շատ սիրալիր ձևով իմ հետ ճշտում էին, թե օրինակի համար ինչպես եղավ, որ ես պարոն Քյարամյանին դիմեցի «արա» բառով։ Ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ պարոն Քյարամյանը հայտարարեց, որ ես այդ կեցվածքը ունեմ, որովհետև իմ որդու համար դիմել են իրեն և նմանատիպ հարցեր էլի»,- ասաց նա:

Աղազարյանը նշել է, որ իր օրակարգում մանդատ վայր դնելու հարց չկա: «Ես այդ հարցը չեմ քննարկում: Ինձ չեն հորդորել մանդատ դնել: Ես տեղյակ չեմ, որոշում է կայացվել վարչության կողմից, թե չէ: Գործընթացը գնում է, կարգապահական վարույթ է, այդքան հեշտ չի, ասենք, մի անգամ մեկին լսելով որոշում կայացնել»,- ասաց Աղազարյանը:

Դիտարկմանը՝ եթե Նարեկ Զեյնալյանը մանդատը վայր դրեց, իրենից էլ դա կպահանջեն, նա պատասխանեց. «Դա ենթադրություն է, իհարկե, բայց դե պարտադիր չի։ Երբ որ ներկայացվի նման պահանջ, այդ ժամանակ կմտածենք։ Հնարավոր է, որ դնեմ։ Եթե, օրինակ, պարոն Քյարամյանը, ինչպես ես հայտարարել եմ հրապարակավ անուններ տա և հիմնավորի, որ այդ մարդիկ իմ անունից դիմել են իրեն խնդրանքով, իմ որդու մասնակցությամբ ընկերության հետ կապված քրեական վարույթի շրջանակներում, ապա ես կդնեմ իմ մանդատը, ես դա հայտարարել եմ։ Իսկ եթե չհրապարակի, ուրեմն առիթ չկա»,- ընդգծեց ՔՊ-ական պատգամավորը:

Ճշտող հարցին՝ արձանագրում ենք, որ ձեր օրակարգում մանդատը վայր դնելու հարց չկա, նա արձգանքեց. «Իմ օրակարգում չկա: Վարչությունը չի կարող ասել՝ մանդատդ վայր դիր, այդպիսի բ ասելու լիազորություն չունի: Վարչությունը կարող է ինձ դիմի, ասի՝ պարոն Աղազարյան, հորդորում ենք, Ձեր մանդատը վայր դրեք։ Նման հորդոր եթե լինի, այդ ժամանակ կխոսենք: Վստահաբար չեմ կարող ասել կլինի, թե՝ ոչ»,- ասաց պատգամավորը:

Նրա խոսքով՝ իր համար անակնկալ է եղել Զեյնալյանի՝ մանդատը վայր դնելու որոշումը: «Պատճառների մասին չգիտեմ, բայց բնականաբար անակնկալ է, որ Ազգային ժողովի հանձնաժողովի նախագահը մանդատը վայր է դնում, բնականաբար դա անակնկալ է։ Չնայած ինքը բերել էր ինչ-որ պարզաբանումներ, հիմնավորումներ, բայց այդուհանդերձ բնականաբար անակնկալ է, ինչպես ցանկացածի համար»,- ասել է նա: