ՀՀ խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորների նախաձեռնությամբ՝ շուտով լսումների ու քննարկումների փուլ կսկսվի արցախցիների հանդեպ խտրական վերաբերմունքի և սոցիալական հարթակներում ձևավորված ատելության խոսքի տարածման առթիվ։
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը MediaHub-ի հետ զրույցում ողջունեց խորհրդարանականների այս նախաձեռնությունը՝ նշելով, որ ինքը պատրաստ է մի ողջ թղթապանակ ներկայացնել, որը հավաքագրել է մոնիթորինգի արդյունքում և որտեղ հստակ փաստերով, սքրինշոթերով ու հղումներով ներկայացված են խտրական վերաբերմունքի դրսևորումները։
«Արցախցիների հանդեպ խտրական կամ վիրավորական խոսքի դրսևորումներ նախկինում ևս եղել են, բայց 2023 թվականի սեպտեմբերից հետո դրանք մեծ ծավալ են ստացել։ Ես առիթ ունեցել եմ մի քանի անգամ հայտարարելու, որ այդ խոսքն ուղղորդվում է իշխանության, իշխանամերձ շրջանակների կողմից, հեռու չգնանք՝ նաև երկրի ղեկավարի կողմից, որը նա արտահայտել է ԱԺ ամբիոնից»,- նշեց Ստեփանյանը։
Արցախի ՄԻՊ-ը խտրականության խոսքի դեմ պայքարում՝ հանրային պարսավանքի ենթարկելու և իրավական ճանապարհով տարբեր միջոցներ է կիրառել, սակայն դրանք ցանկալի արդյունք չեն տվել։
«Խտրական վերաբերմունքն ու թիրախավորված վիրավորանքն ամենավտանգավոր բանն է, որ տարանջատում է ժողովրդին ու ժողովրդի տարբեր հատվածներին։ Այո, դրա դեմ պետք է համակարգված պայքար մղել՝ երևույթն իսպառ վերացնելու համար։ Բոլորը՝ անկախ սեռից ու զբաղեցրած պաշտոնից, պետք է զգան իրենց խոսքի հետևանքներն ու ըստ այդմ պատասխանատվության ենթարկվեն խտրական խոսք տարածելու համար»,- հավելեց Արցախի ՄԻՊ-ը։
0Comments