Հայտնի ռեփեր Սնուփ Դոգի՝ դեռևս անցած տարի նախատեսված, բայց չկայացած համերգի կազմակերպման ֆինանսավորման վերաբերյալ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վարույթ է հարուցել առերևույթ արգելված պետական օժանդակության հատկանիշներով, տեղեկանում ենք ՄՊՀ-ի որոշումից։
ՄՊՀ համակենտրոնացումների և պետական օժանդակության գնահատման բաժնից զեկուցագիր է ստացվել ԿԳՄՍՆ-ի կողմից առերևույթ արգելված պետական օժանդակության տրամադրման առնչությամբ։ Խոսքը «Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծի շրջանակներում՝ համաշխարհային արտիստ Սնուփ Դոգի հայաստանյան համերգը կազմակերպելու նպատակով «Դոպինգ Սփեյս» ընկերությանը օժանդակություն տալու մասին է։
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն արձանագրում է՝ օժանդակության տրամադրման հարցում դրսևորվել է ընտրողականություն, քանի որ ծրագրի իրականացումը վստահված է մեկ տնտեսավարող սուբյեկտի՝ առանց մրցույթի: Փաստացի՝ առկա է դե յուրե ընտրողականություն, որի դեպքում օժանդակությունը նախատեսվում է տրամադրել միայն որոշակի սուբյեկտների, ինչն ուղղակիորեն բխում է օժանդակության տրամադրման հնարավորություն նախատեսող իրավական նորմից:
ժանդակության տրամադրմամբ՝ տնտեսավարող սուբյեկտի համար ստեղծվում են ակնհայտ տնտեսական առավելություններ: Մասնավորապես, տոմսերի վաճառքից գոյացած հասույթը ամբողջությամբ տնօրինում է միակ տնտեսավարող սուբյեկտը, որին վստահվել է միջոցառման իրականացումը: Չկան հստակ մեխանիզմներ տոմսերի վաճառքից ստացված գումարների բաշխման սխեմայի մասով:
Ըստ ՄՊՀ-ի որոշման՝ «Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծի շրջանակներում «Դոպինգ Սփեյս» ընկերությանը տրված պետական ֆինանսավորումը օրենքի իմաստով հանդիսանում է պետական օժանդակություն, որն առերևույթ կարող է պարունակել արգելված պետական օժանդակության տրամադրման հատկանիշներ:
ՄՊՀ-ն անհրաժեշտ է համարում վարույթ հարուցել՝ տնտեսական մրցակցության բնագավառում արգելված պետական օժանդակության տրամադրման հանգամանքները պարզելու նպատակով:
0Comments