Պուտինի աջակցության վարկանիշը հասել է նվազագույնին պատերազմի առաջին շաբաթվանից ի վեր

Մանրամասներ
պուտին

Ուկրաինական բանակի ներխուժումը Կուրսկի մարզ, որը շարունակվում է ավելի քան երեք շաբաթ՝ ի հեճուկս գեներալների թշնամուն «ջախջախելու» խոստումների, մեծ հարված է հասցրել Վլադիմիր Պուտինի վարկանիշին պատերազմն սկսվելուց ի վեր։

Օգոստոսի 25-ի դրությամբ ՌԴ նախագահի գործունեության «աջակցման» մակարդակը ռուսական հասարակությունում իջել է 72,4 տոկոսի՝ ամենացածր մեծությունն է պատերազմի առաջին շաբաթվանից ի վեր, վկայում են Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի ուրբաթ հրապարակած տվյալները։

Օգոստոսի 11-ից հետո երկու շաբաթվա ընթացքում Պուտինի վարկանիշը կորցրել է 4,7 տոկոսային կետ, ինչը դարձել է ամենակտրուկ նվազումը Ուկրաինա ներխուժումից հետո ողջ ընթացքում։ Գերազանցվել են զորահավաքի ժամանակվա ցուցանիշները (73,7 տոկոս 2022թ. նոյեմբերին) եւ «Վագների» խռովությունից հետո (72,6 տոկոս 2023թ. օգոստոսին)։

Պուտինի վարկանիշի ընթացիկ ցուցանիշներն ամենացածրն են 2022թ. փետրվարի 27-ից սկսած, վկայում են կենտրոնի տվյալները. այն ժամանակ ցուցանիշը 70,4 տոկոս էր։ 2022թ. վերջին շաբաթներին Պուտինի վարկանիշը տատանվել է 63-64 տոկոսի սահմաններում, իսկ Ուկրաինա ներխուժումից հետո՝ 79 տոկոս։ Աջակցության առավելագույնը՝ 79,6 տոկոս, եղել է 2022թ. ապրիլին եւ այլեւս այդ ցուցանիշին չի վերադարձել։

Նախագահի վստահության վարկանիշը նույնպես հասել է նվազագույնին. Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի տվյալներով՝ Պուտինին վստահում է ռուսաստանցիների 75,7 տոկոսը, թեեւ երկու շաբաթ առաջ 80,1 տոկոս էր, իսկ հուլիսի կեսին՝ 81,5 տոկոս, տեղեկացրել է The Moscow Times-ը։

Զանգվածային զորահավաքից հետո Պուտինի հանդեպ վստահությունը ընկել է՝ հասնելով 78 տոկոսի (2022թ. նոյեմբեր), իսկ «Վագների» խռովությունից հետո՝ 76,8 տոկոսի։

Պուտինի արձագանքը ուկրաինական ներխուժմանը՝ առաջինը Ռուսաստանի տարածքի համար Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, ընկալվել է «որպես անհամարժեք՝ լավագույն դեպքում», նշել է Ջոնաթան Թոյնբերը (ընկերության FilterLabs գլխավոր տնօրեն, ընկերությունը գնահատում է հանրային տրամադրությունները սոցցանցերում կատարված գրառումներով)։

FilterLabs-ի տվյալներով՝ Պուտինի հանդեպ վերաբերմունքի ինդեքսները կտրուկ իջել են, իսկ «հայհոյանքի քանակությունը գլխավոր հրամանատարի հասցեին»՝ կտրուկ ավելացել, հատկապես Մոսկվայում եւ երեք հարավային մարզերում՝ Կուրսկում, Բելգորոդում եւ Բրյանսկում։

Թեեւ Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը դեռ օգոստոսի 6-ին խոստացել էր «ջախջախել» Ուկրաինայի ԶՈւ-ն Կուրսկում, իսկ ինքը՝ Պուտինը, սպառնացել էր «արժանի» պատասխան տալ, ուկրաինական ուժերը շարունակում են պահել տարածքը Ռուսաստանի հարավում, այնպիսի միլիոնանոց մեծ քաղաքներում, ինչպիսին են Վոլգոգրադը (859 քառակուսի կիլոմետր) եւ Եկատերինբուրգը (1 142 քառակուսի կիլոմետր)։

Կուրսկի մարզի պաշտպանության համար Կրեմլը որոշել է ժամկետային զինվորներ ուղարկել, որպեսզի Դոնբասից ուժեր չկտրի, որտեղ բանակին օգոստոսի սկզբից հաջողվել է գրավել 20 գյուղ եւ 200 քառակուսի կիլոմետր, չորս անգամ ավելի, քան հուլիսին (DeepState-ի տվյալներով)։

Ժամկետայինների օգտագործումն անխուսափելիորեն կդառնա խոցելիության կետ հանրության կողմից Պուտինին ընկալելու հարցում, կարծում է Քարոլինա Հերդը Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտից (ISW)։

«Եթե նա շարունակի ցուցադել իր ոչ այնքան մեծ հետաքրքրվածությունը նորակոչիկների պաշտպանությամբ եւ շարունակի օգտագործել նրանց հիմնական պաշտպանության համար, ես կարծում եմ, որ դա կունենա սոցիալական հետեւանքներ հետագայում»,- ասել է Հերդը։