«Երևան» հիմնադրամի գործունեությունը մնում է կասեցված

Հիմնադրամը փակելով ի՞նչ խնդիր է փորձել լուծել քաղաքապետարանը

«Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում տեղակայված  «Երևան» հիմնադրամի գործունեությունը դադարեցված չէ, այլ կասեցված է»,- այս մասին Panorama.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Ներկայացնում ենք գրավոր հարց ու պատասխանն ամբողջությամբ՝

Panorama.am. «Երևան» հիմադրամը ե՞րբ է դադարեցրել գործունեությունը և ի՞նչ հիմքով։
Քաղաքապետարան. «Երևան» հիմնադրամի գործունեությունը դադարեցված չէ, այլ ՀՀ ԱԱԾ քննչական վարչության 20.06.2018թ. որոշմամբ  հիմնադրամի հաշվարկային հաշիվների, գույքի վրա կալանքով պայմանավորված կասեցվել էր «Երևան» հիմնադրամի գործունեությունը:

Panorama.am. Ո՞վքեր էին հիմնականում մուծումներ կատարում հիմնադրամին։
Քաղաքապետարան. «Երևան» հիմնադրամին նվիրատվություններ են կատարել ֆիզիկական և իրավաբանական անձինք:

Panorama.am. Ի՞նչ սոցիալական հարցեր են լուծվել հիմնադրամի միջոցով։
Քաղաքապետարան. «Երևան» հիմնադրամի միջոցներն ուղղվել են կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրականացմանը, մասնավորապես օժանդակություն է ցուցաբերվել Երևանի պատմաճարտարապետական հուշարձանների կառուցման և միջավայրի հետ նրանց ներդաշնակեցման, Երևան քաղաքի բարեկարգման, կանաչապատման և կառուցապատման նպատակներով: Օժանդակություն է ցուցաբերվել նաև հովանավորության կարիք ունեցող կրթական, մշակութային, մարզական, գիտական և այլ կազմակերպություններին, դրամական և բնամթերային ձևով ֆիզիկական անձանց օգնություն է ցուցաբերվել ուսման, բուժման նպատակներով և այլն:

Panorama.am. Հիմնադրամը փակելով ի՞նչ խնդիր է փորձել լուծել քաղաքապետարանը։
Քաղաքապետարան. «Երևան» հիմնադրամի գործունեությունը դադարեցված չէ:

Panorama.am. Ուսումնասիրվե՞լ է արդյոք հիմնադրամի գործունեությունը՝ մասնավորապես եղե՞լ են գործարքներ, խնդրագրեր, դիմումներ քաղաքակապետարանին, որոնք ուղեկցվել են հիմնադրամին մուծումներով։
Քաղաքապետարան. Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող գործառույթները որևէ կերպ չեն առնչվում Հիմնադրամին նվիրատվությունների հետ:

Հիշեցենք, որ դեռևս նախորդ տարվա հունիսին ԱԱԾ-ում հաղորդում էր ստացվել ՀՀ քաղաքացիներ Վ.Գ.-ից և Ա.Խ.-ից այն մասին, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք, կառուցապատման և գույքի ձևակերպման համապատասխան թույլտվություններ տրամադրելու դիմաց, բացի օրենքով սահմանված վճարումներից, իրենց պարտադրել են «Երևան» հիմնադրամին փոխանցել խոշոր չափերով գումարներ:

ԱԱԾ մամուլի կենտրոնից հայտնում են, որ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ վերոնշյալ պատրվակով առձեռն ստացված գումարների մի մասը հիմնադրամի հաշվեհամար չի մուտքագրվել և հափշտակվել է: