«Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն» այլևս չի լինելու

Երկու ՊՈԱԿ-ները միավորվեցին

Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշեց միավորել «Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն» եւ «Հ. Գասպարյանի անվան շախմատի եւ շաշկու օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ները:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է. «Հաշվի առնելով միեւնույն գործառույթներն իրականացնող պետական ոչ առեւտրային կազմակերպությունների օպտիմալացման վերաբերյալ հանձնարարականը, ինչպես նաեւ դրանց գործունեության նպատակահարմարության եւ գործառույթների հստակ ու չկրկնվող լինելու անհրաժեշտությունը՝ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության ենթակայության  «Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն» եւ «Հ. Գասպարյանի անվան շախմատի եւ շաշկու օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ները վերակազմավորվում են միացման եղանակով եւ իրավահաջորդության կարգով գործունեությունը շարունակում է «Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի եւ շաշկու օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը:

Իրավական ակտի ընդունումով ակնկալվում է գործառույթների հստակեցում եւ կրկնությունների բացառում»: