Իրանը չի ծրագրում անհապաղ արձագանքել իր օբյեկտների վրա հարձակմանը. Reuters

Մանրամասներ
իրան

Իրանը չի ծրագրում անհապաղ արձագանքել ապրիլի 19-ի գիշերն իրանական օբյեկտների վրա հարձակմանը, Reuters-ին հայտնել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան՝ անանուն մնալու պայմանով:

Նա նաև ասել է, որ Իսրայելի անմիջական մասնակցությունը չի հաստատվել։

«Հարձակման օտարերկրյա աղբյուրի մասին ոչ մի հաստատում  չկա: Մենք չենք ենթարկվել արտաքին հարձակման, և քննարկումների մասնակիցները հակված են կարծելու, որ դա ավելի շատ ներթափանցում էր, քան հարձակում», - մեջբերում է գործակալությունը պաշտոնյայի խոսքը:

Reuters-ի մեկ այլ զրուցակից պարզաբանել է, որ հարձակումից առաջ ԱՄՆ-ն ծանուցում է ստացել Իսրայելից, իսկ հարձակումն ինքնին պատասխանն է եղել ապրիլի 14-ի գիշերը Իրանի հարձակմանը։

Միջուկային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) հայտնել է, որ Իսրայելի հարվածների ժամանակ Իրանի միջուկային օբյեկտները չեն տուժել։ Գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին կողմերին կոչ է արել ծայրահեղ զսպվածություն ցուցաբերել։

«ՄԱԳԱՏԷ-ն կարող է հաստատել, որ Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել։ Գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին շարունակում է կոչ անել բոլորին ցուցաբերել ծայրահեղ զսպվածություն և կրկնում է, որ միջուկային օբյեկտները երբեք չպետք է թիրախ լինեն ռազմական հակամարտությունների ժամանակ», - X սոցիալական ցանցում ասվում է ՄԱԳԱՏԷ-ի հայտարարության մեջ:

Ապրիլի 19-ի գիշերը ենթադրաբար Իսրայելն անօդաչուներով հարված է հասցրել Իրանին։ The New York Times-ի փոխանցմամբ՝ թիրախը եղել է իրանական ավիաբազան Սպահան քաղաքի մոտակայքում։ Իրանի իշխանությունները հայտարարել են, որ հակաօդային պաշտպանության համակարգը գործարկվել է և վնասներ չեն հասցվել։