Փետրվարի 21-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Ավստրիական զարգացման համագործակցության (ԱԶՀ) Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավար Գերհարդ Շաումբերգերին (Gerhard Schaumberger): Փոխվարչապետի գրասենյակից հայտնում են, որ հանդիպմանը ներկա էր նաեւ Գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գեղամ Գեւորգյանը:
Ողջունելով հյուրին՝ Տիգրան Ավինյանը կարեւորել է Ավստրիական զարգացման համագործակցությանը կողմից իրականացվող ծրագրերի դերը` ի նպաստ Հայաստանում ժամանակակից գյուղատնտեսության զարգացման եւ հանդիպումը պատեհ առիթ համարել՝ համագործակցության նպատակները քննարկելու համար:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Գերհարդ Շաումբերգեր նշել է, որ ԱԶՀ-ի ծրագրերի մեծ մասը գյուղատնտեսական բնույթի են, եւ իրենք պատրաստ են աջակցել կառավարությանը՝ այս ոլորտում իրականացվող բարեփոխումների գործում եւ ամրապնդել առկա համագործակցությունը: Նա նաեւ տեղեկացրել է, որ այս տարվա աշնանը սպասվում է ավստրիական առեւտրական պատվիրակության այցելություն Հայաստան, որը նոր ազդակ կհաղորդի երկրների առեւտրատնտեսական հարաբերություններին:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանում ինտենսիվ գյուղատնտեսության, կաթիլային ոռոգման, գյուղատնտեսական նշանակության հողերի խոշորացման եւ կոոպերատիվների ստեղծման հարցերը:
Անդրադարձ է կատարվել 11,7 մլն եվրո բյուջե ունեցող «Կանաչ գյուղատնտեսության զարգացումը Հայաստանում» ծրագրին, որ համաֆինանսավորվում է ԵՄ եւ ԱԶՀ կողմից (9,7 մլն եւ 2 մլն համապատասխանաբար) եւ իրականացվելու է ԱԶՀ կողմից:
2011 թ-ից ի վեր՝ ԱԶՀ-ը ֆինանսավորել է մոտ 30 մլն եվրո արժողությամբ մի շարք ծրագրեր Հայաստանում, որոնց մեծ մասը գյուղատնտեսական բնույթի են՝ վերջնական նպատակ ունենալով կրճատել աղքատությունը եւ նպաստել եկամուտների աճին:
Ընթացիկ ծրագրերի թվում են անասնապահության եւ օրգանական գյուղատնտեսության զարգացումը:
0Comments