ԵՊՀ-ն ինքը թող որոշի ուզո՞ւմ է ունենալ էդպիսի ռեկտոր. Արայիկ Հարությունյան

Վարչապետից հատուկ հանձնարարական եմ ստացել ԵՊՀ-ի 100-ամյակը մեծ շուքով նշելու վերաբերյալ, հանձնաժողովի ստեղծման նախագիծն արդեն պատրաստ է

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին:

«Ես կարծում եմ, որ ԵՊՀ ռեկտորն այստեղ շատ ակնհայտորեն մանիպուլիացիաների է դիմում, իր ղեկավարման տարիներից հարուցված քրեական գործերն ինչ-որ ձեւով քաղաքականացնելու համար: Էդ զրույցը, որին ինքը հղում է անում, եղել է անցած շաբաթ, եթե մարդը մտահոգություն ուներ դրա հետ կապված, կարծում եմ, գիտխորհրդին պետք է ավելի շուտ ասեր դրա մասին: Նա ակնհայտ սուտ է էնտեղ ասել, թե իր առջեւ պայման է դրվել, որ 100-ամյակը չի լինելու, որովհետեւ նա ռեկտոր է: Նրա մոտ էդպիսի հապճեմություն ու խուճապ է առաջացել, որովհետեւ նախորդ օրը քրեական գործեր են հարուցվել»,-ասաց նա:

Արայիկ Հարությունյանի խոսքով՝ ԵՊՀ-ի 100-ամյակի հետ կապված ասել է, որ շատ հստակ ուղերձներ են հղվելու ինչպես ներքին, այնպես էլ արտաքին լսարանին՝ ԵՊՀ-ի եւ բարձրագույն կրթության առաջնահերթությունների եւ զարգացման վերաբերյալ. «Քանի որ Արամ Սիմոնյանն ասոցացվում է բազմաթիվ բացասական երեւույթների հետ, որոնք գոյություն են ունեցել ԵՊՀ-ում եւ առհասարակ բարձրագույն կրթության ոլորտում՝ ուսանողների սահմանափակումներ, դասախոսների սահմանափակումներ, սրա շրջանակում է եղել իմ մտահոգությունը: ԵՊՀ-ն ինքը թող որոշի ուզո՞ւմ է ունենալ էդպիսի ռեկտոր»:

Նա նշեց, որ ընթացիկ տարվա հունվարին ինքը խոսել է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ, որից հետո անձամբ եկել է վարչապետի մոտ եւ ներկայացրել, որ պետք է նշվի ԵՊՀ-ի 100-ամյակը. «Վարչապետից հատուկ հանձնարարական եմ ստացել ԵՊՀ-ի 100-ամյակը մեծ շուքով նշելու վերաբերյալ, հանձնաժողովի ստեղծման նախագիծն արդեն պատրաստ է»,-ասաց նա: