«Ֆլեշի Բարսեղի» նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացվեց

Գործարարի համար անձնական երաշխավորություն էր ներկայարցել «Արարատբանկ» ԲԲԸ–ի գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանն այսօր՝ փետրվարի 20–ին որոշում է կայացրել բավարարել  «Ֆլեշի Բարսեղ» մականունով հայտնի Բարսեղ Բեգլարյանի եւ «Ֆլեշ» ՍՊԸ-ի բազայի պետ Հրայր Հովսեփյանի պաշտպանի միջնորդությունն ու վերացնել նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոցները: Այս մասին NEWS.am–ը տեղեկացավ Դավիթ Հարությունյանի աշխատակազմից։

Նշենք, որ Հրայր Հովսեփյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին, իսկ Բարսեղ Բեգլարյանի նկատմամբ ընտրված՝ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը դատախազությունը փոխել էր անձնական երաշխավորությամբ։ Գործարարի համար անձնական երաշխավորություն էր ներկայարցել «Արարատբանկ» ԲԲԸ–ի գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը։ Ամբաստանյալների պաշտպան Կրոմվել Գրիգորյանը փետրվարի 19–ին կայացած նիստում հայտնել էր, որ այդ խափանման միջոցները պատժի նպատակ են հետապնդում և միջնորդել էր վերացնել այն։

Հիշեցնենք, որ «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանին եւ «Ֆլեշ» ՍՊԸ-ի «Քանաքեռ» բազայի պետ Հրայր Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված բռնություն գործադրելու սպառնալիքներով ինքնիրավչություն կատարելու համար։ Հրայր Հովսեփյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին, իսկ Բարսեղ Բեգլարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը դատախազությունը փոխել էր անձնական երաշխավորությամբ։

Նշենք, որ ինքնիրավչությունն օրենքով սահմանված կարգի խախտմամբ իր իրական կամ ենթադրյալ իրավունքներն ինքնակամ (ինքնագլուխ) իրականացնելն  է, որն էական վնաս է պատճառել անձանց իրավունքներին կամ օրինական շահերին։