Նոյեմբերի 24-ին «Եղի՛ր ուժ մեր երկրի համար» հանրային իրազեկման արշավի հերթական միջոցառումն է անցկացվել Գյումրիում, որին մասնակցում էր ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, հայտնում են ՆԳՆ մամուլի ծառայությունից։
Միջոցառմանը ներկա էին նաև ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, օրենսդիր մարմնի, համայնքային իշխանության, ՆԳ նախարարության և ոստիկանության ներկայացուցիչներ։
Իր ելույթում Վահե Ղազարյանը փաստել է, որ Շիրակի մարզում և մյուս տարածաշրջաններում Պարեկային ծառայության փորձը ցույց է տվել, որ կանայք ոչ միայն լիարժեք տիրապետում են պրոֆեսիոնալ հմտություններին, անհրաժեշտ մակարդակով կատարում են ծառայողական պարտականությունները, նաև անձնվեր ծառայությամբ կարող են իրենց նպաստը բերել ոստիկանության հանդեպ հանրային վստահության ամրապնդմանը:
Ելույթի ավարտին ՆԳ նախարարը կանանց և աղջիկներին կոչ է արել ակտիվորեն ներգրավվել պարեկային ծառայության մեջ՝ իրենց ծանրակշիռ մասնակցությունը բերելով հանրային անվտանգության պահպանման և քաղաքացու իրավունքների ապահովման գործին։
Ներկաներին ողջունել է նաև Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը։ Նա փաստել է, որ պարեկային ծառայության ձևավորումը չափազանց կարևոր և արդարացված բարեփոխում է, քանի որ մարդիկ սկսել են տեսնել ծառայության նոր որակ, քաղաքացու հետ հարաբերությունների նոր մակարդակ, ինչի առանցքում քաղաքացու պաշտպանվածության մեծացումն է։
Վարդանանց հրապարակում Շիրակի մարզի բնակավայրերի՝ Գյումրիի, Ամասիայի, Աշոցքի, Արթիկի, Անիի, Ախուրյանի համայնքները ներկայացնող տաղավարներն էին։ Տաղավար ուներ նաև Պարեկային ծառայությունը։
Միջոցառմանը Շիրակի պարեկները քաղաքացիների հետ շփումներում ներկայացրել են իրենց ծառայության առանձնահատկությունները, օգտագործվող տեխնիկական միջոցները, ծառայողական մեքենաները։
Որոշ քաղաքացիներ եկել էին փաստաթղթերով և տեղում ներկայացրել դիմումներ։
Միջոցառումն ուղեկցվել է «Գյումրու ժողովրդական գործիքների նվագախմբի» կատարումներով։
Հիշեցնենք, որ Պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ՆԳ նախարարության կրթահամալիրում ուսուցման համար ընդունելության մրցույթի դիմումներն ընդունվում են մինչև նոյեմբերի 30-ը»։
0Comments