Մհեր Եղիազարյանի մահվան օրը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ոչ մի բուժաշխատող չի եղել

Եղիազարյանն ունեցել է 2-րդ կարգի հաշմանդամություն եւ սրտի հետ կապված առողջական խնդիրներ

ՀՀ արդարադատության նախարարությունը պարզաբանում է ներկայացրել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր, «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության փոխնախագահ, «Haynews.am»-ի պատասխանատու Մհեր Եղիազարյանի մահվան դեպքի վերաբերյալ:

Պարզաբանման մեջ, մասնավորապես, ասվում է.

«ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում եւ մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամները 2019թ. հունվարի 26-ին այցելություն են կատարել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ՝ կապված նույն օրը լուրերով տարածված Մ. Ե.-ի մահվան հանգամանքի հետ:

Այցելության ժամանակ Խմբի անդամները պարզել են, որ Մ.Ե.-ն 44 օր գտնվել է հացադուլի մեջ, 2019թ. հունվարի 17-ին դուրս է եկել հացադուլից եւ տեղափոխվել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բուժմաս, որտեղ հունվարի 26-ին մահացել է:

Խմբի անդամները նաեւ պարզել են, որ հիմնարկում բժիշկները հերթապահում են միայն աշխատանքային օրերին եւ ժամերին: Հունվարի 26-ին՝ Մ.Ե.-ի մահվան օրը, հիմնարկում չի եղել ոչ բժիշկ, ոչ բուժակ (Խմբի անդամների այցելության ժամանակ նույնպես բուժաշխատող չի եղել):

Դեպքի օրը Մ.Ե.-ի խցակիցը, հայտնաբերելով, որ վերջինիս առողջական վիճակը վատացել է, հրավիրել է հսկիչին, շտապ օգնություն են կանչել, սակայն նրան փրկել չի հաջողվել:

Անհրաժեշտ է նաեւ արձանագրել, որ Մ.Ե.-ն ունեցել է 2-րդ կարգի հաշմանդամություն եւ սրտի հետ կապված առողջական խնդիրներ: Խմբի անդամները հարցը քննարկել են հերթափոխի պետի հետ, սակայն վերջինս նշել է, որ մանրամասներից տեղյակ չէ:

Արձանագրված դեպքի եւ հանգամանքների կապակցությամբ Խումբը հունվարի 29-ին դիմել է ՀՀ ԱՆ՝ բարձրացնելով իր մտահոգությունները:

Մասնավորապես, Խումբը նշել է, որ հիմնարկում հերթապահ բուժաշխատողի բացակայությունն արդեն հանդիսանում է լուրջ խնդիր, հնարավոր է, եթե տեղում լիներ բուժաշխատող, ապա կարող էր հրատապ առաջնային օգնություն ցուցաբերվել եւ անձը փրկվեր:

Մյուս մտահոգությունը կապված է եղել նրա հետ, որ հիմնարկը, տեղյակ լինելով Մ.Ե.-ի առողջական վիճակից, չի կանխատեսել, որ հացադուլի պատճառով այդ առողջական խնդիրները կարող են սրվել եւ քայլեր չի ձեռնարկել վերջինիս հիվանդանոց տեղափոխելու վերաբերյալ այն էլ այն դեպքում, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հերթապահ բժիշկներ չկան:

Խումբը այցի ժամանակ պարզել է նաեւ, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բուժմասի միջանցքներն երեկոյան ժամերին ընդհանրապես չունեն էլեկտրական լուսավորություն եւ այնտեղ տեղաշարժվելու համար աշխատակիցները օգտագործում են իրենց հեռախոսների լուսավորությունը:

Ըստ այդմ Խմբի կողմից առաջարկվել է հաշվետվության մեջ բարձրացված հարցերը դարձնել քննարկան առարկա, տեղեկացնել Մ. Ե.ի մահված պատճառի մասին, քայլեր ձեռնարկել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում բուժաշխատողի շուրջօրյա հերթապահություն կազմակերպելու ուղղությամբ եւ լուծել հիմնարկի բուժմասի միջանցքների լուսավորության հարցը:

2019 թվականի փետրվարի 14-ին ստացված պատասխան գրությամբ ՀՀ ԱՆ-ից տեղեացրել են, որ Մ. Ե.-ի մահվան դեպքի առիթով Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում 2019 թվականի հունվարի 29-ին հարուցվել է թիվ 1201919 քրեական գործը, որի շրջանակներում առգրավվել են հանգուցյալի վերաբերյալ կազմված բժշկական փաստաթղթերի բնօրինակները եւ ռենտգեն հետազոտության ժապավենները:

Նախարարության կողմից նշվել է, որ, հաշվի առնելով դեռեւս ընթացքի մեջ գտնվող նախնական քննության իրականացման հանգամանքը՝ ներկայումս նպատակահարմար չէ Մ. Ե.-ի մահվան դեպքի վերաբերյալ տեղեկատվության տրամադրելը:

Հիմնարկի բժշկական սպասարկման բաժնի թափուր հաստիքների համալրման առնչությամբ նշվել է, որ այդ ուղղությամբ մշտապես տարվում են համապատասխան աշխատանքներ:

Ինչ վերաբերում է հիմնարկի հիվանդանոցային տեղամասի միջանզքի լուսավորությանը, ապա հայտնել են, որ քրեակատարողական ծառայության կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն, հիմնարկի հիվանդանոցային տեղամասի միջանցքի բոլոր լամպերը գտնվում են սարքին վիճակում եւ լուսավորումն ապահովված է:

ՀՀ ԱՆ կողմից տրամադրվել է նաեւ գրությամբ Խմբի կողմից պահանջված «Նուբարաշեն» ՔԿՀ բժշկական սպասարկման բաժնի հաստիքային ցուցակը:

Խումբը բազմիցս բարձրացրել է ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում տրամադրվող բուժսպասարկման խնդիրների հարցը: Ընդունելով դեպքի կապակցությամբ ընթացող նախաքննության ընթացքի գաղտնիությունը՝ միեւնույն ժամանակ պետք է նշել, որ ՔԿՀ-ներում բուժսպասարկման որակն ու հասանելիությունը, ներառյալ բժշկական հաստիքների ամբողջությամբ համալրումը առաջնային խնդիր է, ինչի ցանկացած բացթողում կարող է հանգեցնել անդառնալի հետեւանքների: