ԵՄ-ն պետք է նոր ռազմավարություն մշակի Ռուսաստանում անկայունության դեպքում. Բորել

Մանրամասներ

ԵՄ-ն պետք է նոր ռազմավարություն մշակի Ռուսաստանում անկայունության պարագայում:

 

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Լյուքսեմբուրգում միության երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը:

«Նման իրավիճակի համար ռազմավարության մշակումը ժամանակ է պահանջում, և մենք կաշխատենք դրա վրա: Բոլորը կվերլուծեն իրավիճակի զարգացման հնարավոր սցենարները: Հասկանալի է, որ այժմ Ռուսաստանի մեր տեսլականը բոլորովին այլ է»,- նշել է նա:

Ավելի վաղ ԵՄ երկրների արտգործնախարարները Լյուքսեմբուրգում քննարկել են Ռուսաստանի վերջին զարգացումները և ուկրաինական հակամարտությունը և պայմանավորվել ուժեղացնել Կիևին տրվող ռազմական աջակցությունը։

Հունիսի 23-ի երեկոյան «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը Telegram-ի իր ալիքում հայտարարել էր, որ իր ստորաբաժանումներն, իբր, հարձակման են ենթարկվել, և դրա համար մեղադրել էր Ռուսաստանի Դաշնության ռազմական ղեկավարությանը։ ՌԴ ՊՆ-ն այս տեղեկությունը որակել էր կեղծ։ «Վագներ»-ի ստորաբաժանումները, որոնք աջակցում էին Պրիգոժինին, շարժվել էին Դոնի Ռոստով և դեպի Մոսկվա: ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը քրեական գործ է հարուցել զինված ապստամբության հրահրման փաստով, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռուստաուղերձում «Վագներ»-ի գործողությունները դավաճանություն է անվանել։

Ավելի ուշ Վլադիմիր Պուտինի համաձայնությամբ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բանակցություններ էր վարել Պրիգոժինի հետ, որի արդյունքում մասնավոր ռազմական ընկերությունը հանել էր շարասյուները և վերադարձել դաշտային ճամբարներ։