Այս պահին Սոթքում լարված իրավիճակ է, կրակոցներ են

Մանրամասներ

Սոթքում այս պահին իրավիճակը լարված է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։

«Այս պահին Սոթքում եմ. լարված իրավիճակ է, կրակոցներ են»,- գրել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 11-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ժամը 06.00-ից հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական-կանխարգելիչ միջոցառումներ: Հայկական կողմն ունի 4 վիրավոր:

Ժամը 10-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ լարվածությունն էականորեն նվազել է:

Իսկ արդեն այսօր մայիսի 12-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ-ն Սոթքի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով ԱԹՍ: Վիրավորում են ստացել ՀՀ ԶՈՒ 2 զինծառայող: Զինծառայողներից մեկի վիճակը գնահատվում է բավարար, մյուսինը՝ ծանր:

Ժամը 16:50-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները խոշոր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: