750 հազարից մինչև 3 մլն դրամ տուգանք․ Ապօրինի շինարարության համար պատասխանատվությունը խստացվում է․ Էլինա Գեղամյան

Մանրամասները՝ 1lurer.am-ի տեսանյութում

1

Ինքնակամ շինությունների դեմ պայքարը շարունակվում է: Արդարադատության նախարարության մշակած նախագծով առաջարկվում է խստացնել շինությունների ինքնակամ կառուցման, առանց թույլտվության շինարարական աշխատանքներ իրականացնելու և կառուցապատումը նախատեսված ժամկետներում չավարտելու համար վարչական պատասխանատվությունը։ Նախարարության խորհրդականի խոսքով՝ նախագծի նպատակը ոլորտում առկա օրենսդրական բացը լրացնելն է:

Էլինա Գեղամյան (ՀՀ արդարադատության նախարարության խորհրդական) - Մենք ունենք մի իրավիճակ, երբ ավելի ձեռնտու կարող է լինել ինքնակամ կառույց իրականացնելը կամ սահմանված ժամկետում կառուցապատումը չիրականացնելը, տուգանվելը, քան համապատասխան նորմերի պահպանումը: Մենք ունենք իրավախախտման և դրա համար սահմանված սանկցիայի միջև անհամապատասխանություն:

Առաջարկվում է ինքնակամ շինությունների կառուցման, նաև՝ թույլատրված կառուցապատումը սահմանված ժամկետում չավարտելու դեպքերում սահմանել 750 հազարից մինչև 3 մլն դրամ տուգանք: Գեղամյանը նշում է՝ սա ինքնակամ կառույցների դեմ պայքարում կառավարության միակ միջոցառումը չէ:

Էլինա Գեղամյան - Վերջին երկու տարում մի քանի շարունակական միջոցառումներ են տեղի ունեցել:

Արդարադատության նախարարության կողմից մշակված փաթեթով արգելվեց ինքնակամ կառույցների օրինականացումը՝ բացառությամբ մինչ այդ պահը կառուցված շինությունների: Բայց սա չի լուծում խնդիրները: 

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը 2022-ի ընթացքում պետական կամ համայնքապատկան նշանակության հողերի վրա կառուցված 271 ինքնակամ կառույց է արձանագրել, որը 2021-ի համեմատությամբ շուրջ 2 անգամ քիչ է: Տեսչական մարմինը համայնքի ղեկավարներին և մարզպետներին ծանուցում է հայտնաբերված ինքնակամ կառույցի մասին՝ շինությունը ապամոնտաժելու աշխատանքեր ձեռնարկելու համար: Լինում են դեպքեր, երբ համայնքի ղեկավարը անհրաժեշտ միջոցներ չի ձեռնարկում:

Ելենա Զոհրաբյան (ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի հանրային կապերի բաժնի պետ) - 2020-22 թվականներին ունենք մոտ 30 դեպք, երբ համայնքի ղեկավարի անգործության հիմքով իրավապահ մարմիններին հաղորդում ենք ներկայացրել՝ որպես անգործության դրսևորում:

Արդարադատության նախարարությունից նշում են՝ խիստ միջոցների ձեռնարկումը ինչ-որ չափով կնպաստի, որ ինքնակամ շինություններ կառուցողները և համայնքի ղեկավարները սկսեն հետևել քաղաքաշինական նորմերին:

Մանրամասները՝ 1lurer.am-ի տեսանյութում