Շրջակա միջավայրն աղտոտող մեքենաների վաճառքի փուլային դադարեցումը վերջնական հավանություն է ստացել ԵՄ-ում և կդառնա օրենք: Օրենսդրության ընդունումը մի քանի շաբաթով հետաձգվել էր Գերմանիայի կողմից ընդդիմության արժանանալու պատճառով: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Welle պարբերականին:
Ըստ Շվեդիայի էներգետիկայի նախարար Էբբա Բուշի՝ օրենքը մինչև 2035 թվականը կարգելի ածխաթթու գազ արտանետող վառելիքով աշխատող մեքենաների վաճառքը: Լրատվամիջոցը նշում է, որ վեճերի առիթ դարձած օրենքին հավանություն են տվել ԵՄ 27 անդամ երկրների էներգետիկայի նախարարները. օրինագծի ընդունումը հետաձգվում էր Գերմանիայի տրանսպորտի նախարար Ֆոլկեր Վիսինգի կողմից:
Մարտի 25-ին Բրյուսելը և Բեռլինը ձեռք են բերել փոխհամաձայնություն, որը թույլ կտա վաճառել ավտոմեքենաներ և ֆուրգոններ, որոնք աշխատում են, այսպես կոչված, կլիմայական չեզոք սինթետիկ վառելիք, որն արտադրվում է:
Այս քայլի միջոցով փորձ է արվում զսպել ԵՄ-ում ածխաթթու գազի արտանետումները, որոնք մեծ ազդեցություն ունեն գլոբալ տաքացման վրա և կարող են հետագա վտանգավոր հետևանքներ ունենալ մոլորակի համար: Պարբերականը նշում է, որ տրանսպորտին բաժին է ընկնում ԵՄ արտանետումների շուրջ 25%-ը:
Մինչև 2035 թ.-ը ածխաթթու գազ արտանետող մեքենաների վաճառքն արգելելու մասին օրինագծին դեմ էր արտահայտվել նաև Լեհաստանի էներգետիկայի նախարարը, իսկ Ռումինիան, Իտալիան և Բուլղարիան ձեռնպահ էին մնացել: Նախագծի ընդդիմադիրները փաստարկում էին, որ դա կհանգեցնի մեքենաների գնի աճի:
Ըստ լրատվամիջոցի՝ նախագիծը որոշ դժգոհություններ է առաջացրել նաև ավտոարտադրողների մոտ: Օրինակ՝ Porsche-ն և Ferrari-ն դժգոհել են, որ էլեկտրական մեքենաների համար անհրաժեշտ շարժիչները չափազանց ծանր կլինեն իրենց մեքենաների համար: Այլ ավտոարտադրողները, օրինակ՝ Volkswagen-ը, Mercedes-Benz-ը և Ford-ը, արդեն «խաղադրույք են կատարում» էլեկտրական մեքենաների վրա՝ փորձելով լուծումներ գտնել ածխաթթու գազի արտանետումները նվազեցնելու ուղղությամբ:
0Comments