Հոկտեմբերի 23-ին, ժամը 12.55-ին, «Հրազդան» բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին ստացվել է ահազանգ, որ պարանոցի պատռած վերքով բուժօգնության է տեղափոխվել 53-ամյա մի տղամարդ:
Ոստիկանությունից հայտնում են, որ նրան ուղեկցող 52-ամյա տղամարդը բժիշկներին հայտնել էր, թե շինարարության ժամանակ ընկերոջ պարանոցին երկաթե ամրան է ընկել:
Ոստիկանության Հրազդանի բաժնից մեկնած օպերատիվ խումբը նախ պարզեց, որ տղամարդու վնասվածքը դանակահարության հետևանք է: Դեպքի առթիվ նախաձեռնվեց քրեական վարույթ: Կոտայքի մարզային վարչության ծառայողների հետ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվեց, որ ժամը 12.45-ի սահմաններում Ծաղկաձոր քաղաքի Սարալանջի փողոցի շինհրապարակում գումարային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում տղամարդուն դանակահարել էր Գեղարքունիքի մարզի Փամբակ գյուղի 65-ամյա մի բնակիչ:
Հրազդանի ոստիկանների հետագա համագործակցությունը ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների հետ էր: Նույն օրը, երեկոյան ժամը 9-ին մոտ, Փամբակ գյուղում դանակահարողը հայտնաբերվեց, ձերբակալվեց ու ներկայացվեց Կոտայքի մարզային քննչական վարչություն:
Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է հանցագործության գործիք դանակը՝ արնանման հետքերով:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
0Comments