Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով առանցքային վկա Սեւան Քոչարյանի՝ դատական նիստին չներկայացնելու մեջ դիտավորություն ենք տեսնում։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 25-ին՝ դատարանի բակում, լրագրողների հետ զրույցում ասաց Սերժ Սարգսյանի պաշտպաններից Ամրամ Մակինյանը։
«Այն վկան, ով առիթ է հանդիսացել այս քրեական գործի հարուցման համար, պատճառաբանություն բերեց, թե լսողական խնդիրներ ունի, երրորդ դատական նիստն է, լինելով պատշաճ ծանուցված, չի ներկայանում։ Համոզված եմ, որ անձը հասկանում է, որ խաբվել է եւ պետք է գա ու հրապարակային պատասխանի մեր հարցերին։ Հասկանալի է լինելու հանրությանը, թե այս քրեական գործը ոնց է փաթեթավորվել, ինչի համար ու ինչ պայմաններում։ Մարդիկ հասկացել են, որ այս խուսափողական վարքագծով հնարավոր է մի քիչ ձգձգել»,- ասաց պաշտպանը։
Նա նշեց, որ այդ անձը նախաքննության ընթացքում քննիչի մոտ հինգ անգամ հարցաքննվել է. «Սա ուղիղ ցուցիչ է՝ այս քրեական գործի կեղծ լինելու մասին»։
Նշենք, որ այս փուլում հարցաքննվում են գործով վկաները, սակայն գործով վկա Սեւան Քոչարյանը դատական նիստին չէր ներկայացել, ինչի հիմքով էլ դատական նիստը հետաձգելու մասին որոշում կայացվեց։ Այս գործով դատական նիստերը պարբերաբար հետաձգվում են։
Կորոնավիրուսի հետեւանքով մահացել են գործով ամբաստանյալներ Սերգո Կարապետյանը եւ Սամվել Գալստյանը։
Ըստ մեղադրական եզրակացության՝ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ եւ Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանի ու Գեւորգ Հարությունյանի օժանդակությամբ, Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամ:
Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը։
Երրորդ նախագահն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, նրա պաշտպաններն էլ այս գործընթացը որակում են որպես քաղաքական հետապնդում։
0Comments