Կայացել է Հայաստանի և Բելառուսի առողջապահության նախարարների հանդիպումը

Երկու երկրների համագործակցության ուղղությունները արդեն պարզ են

Աշխատանքային այցով Բելառուսի Հանրապետությունում գտնվող առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է գործընկերոջը` Վալերի Մալաշկոյին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, Բելառուսի առողջապահության նախարարը ներկայացրել է համակարգի ձեռքբերումները, երկրու երկրների հետագա համագործակցության հնարավոր ուղղությունները՝ ուռուցքաբանություն, փոխպատվաստում, նոր սերնդի բարձր տեխնոլոգիական սարքերով ախտորոշում և բուժում,  ստոմատոլոգիա, մոր և մանկան առողջության պահպանում, շարունակական բժշկական զարգացում, դեղարտադրություն և այլն:

Գործընկերները քննարկել են փոխպատվաստման բնագավառում Բելառուսի կողմից իրավական և փորձագիտական աջակցության հնարավորությունները: Միաժամանակ, կողմերը դիտարկել են Հայաստանի քաղաքացիների համար Բելառուսում բուժօգնություն կազմակերպելու հարցը` հաշվի առնելով ԱՊՀ երկրների միջև ստորագրված համաձայնագիրը:

Արսեն Թորոսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Բելառուսի Հանրապետական ուռուցքաբանության գիտական կենտրոն, Բելառուսի մանկական ուռուցքաբանության, արյունաբանության և իմունոլոգիայի գիտահետազոտական կենտրոն, տեղում ծանոթացել վերջիններիս ձեռքբերումներին: