Ոստիկանների կողմից բռնության առերևույթ մեկ դեպք ունենք, որով նյութեր են նախապատրաստվում, մնացյալ դեպքերում ոստիկանների կողմից բռնություն տեղի չի ունեցել։ Այս մասին, այսօր՝ մայիսի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ցուցարարների նկատմամբ ոստիկանների կողմից իրականացված գործողություններին, ասաց ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը։
«Մնացած դեպքերում տեղի են ունեցել իրավաչափ գործողություններ և եթե հետագայում որևէ հանգամանք ի հայտ կգա, համապատասխան հայտարարությամբ հանդես կգանք։ Նույնիսկ քրեադատավարական կարգավորումներով անձին բերման ենթարկելը իրենից ենթադրում է տվյալ անձի նկատմամբ որոշակի ուժի կիրառում: Եթե անձը չի ենթարկվում ոստիկանության օրինական պահանջներին եւ կտարում է իրավախախտում, պետք է բերման ենթարկվի»,- ասաց Ֆիդանյանը։
Ինչ վերաբերում է պատգամավորներ Արամ Վարդևանյանին և Աշոտ Սիմոնյանին ճանապարհ փակելու համար բերման ենթարկելու իրավաչափությանը, Ֆիդանյանը ասաց․ «Այո, փողոց փակելու համար են բերման ենթարկել, այսինքն՝ տեղի է ունեցել առերևույթ իրավախախտում: Անձեռնմխելիությունը վերաբերում է համապատասխան անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու ատռումով։ Մինչև համապատասխան անձանց ինքնությունը պարզելը ոստիկանությունը իրավունք ունի նրանց բերման ենթարկել։ Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումը իրենից ներկայացնում է վարչական իրավախախտում, դա չի նշանակում, որ անձեռնմխելիությունից օգտվող անձիք նաև պետք է ազատվեն վարչական իրավախախտումներից»,- ասաց ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը։
0Comments