Ապրանք ներկրողների խնդիրը դեռ չի լուծվել

ՊԵԿ մաքսային հսկողության վարչության պետի տեղակալն է մեկնաբանում խնդիրը

Հունվարի 22-ին Թուրքիայից ապրանք ներկրող ՀՀ քաղաքացիները Բագրատաշենի մաքսային կետում խնդրի առջև էին կանգնել: Նրանք անգամ մաքսային կետի մուտքն ու ելքն էին փակել՝ պատճառաբանելով, որ իրենց թույլ չեն տալիս անցկացնել 25 կգ ապրանքը:

Այն հարցին, թեվճի՞շտ է այն տեղեկությունը, որ որոշ առևտրականներ փորձում են պետությունից թաքցնել՝ չասել, որ բեռնափոխադրող մեքենայում, ասենք, 75 կգ-ն հենց իրենց ապրանքն է, ու ոչ թե՝ հարևանինը, ու այս կերպ խուսափել մաքսազերծման գումար վճարելուց, առևտրականները պատասխանել էին, որ նման երևույթներ լինում են:

Մեկ օր անց այնտեղ էր գնացել Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արթուր Վանեցյանն ու հարթել ստեղծված իրավիճակը՝ հորդորելով, որ հաջորդ անգամ այդպես չվարվեն:

ՀՀ ՊԵԿ մաքսային հսկողության վարչության պետի տեղակալ Մհեր Մարտիրոսյանն էլ անդրադառնալով խնդրին՝ ասել էր, որ մաքսակետում բողոքողների մեծ մասն ապրանքների իրական տերերը չեն:

«Նրանք ուղղակի ծառայություններ են մատուցում ապրանքների իրական տերերին՝ ապրանքը փոքր քանակությունների մասնատելու ու առանց օրենքով նախատեսված հարկերը, մաքսատուրքերը վճարելու՝ հանրապետություն ներմուծելու գործում: Սակայն օրենսդրությամբ կան սահմանված որոշակի քանակներ՝ արժեքային և քանակական, նախատեսված անձնական նպատակով ապրանք ներմուծելու ու անձամբ կամ ընտանիքի շրջանակներում սպառելու համար: Այդ արտոնությունը ոչ մի դեպքում նախատեսված չէ առևտրային շրջանառության մեջ ապրանքներ ներառելու համար, որովհետև այս դեպքում ապականում ենք շուկան, վնասում մարդկանց, ովքեր օրինական ճանապարհով, հարկերը մուծելով՝ ապրանքներ են ներմուծում: Պետք է տարբերակել բիզնես նպատակները՝ անձնական օգտագործման նպատակներից»,- նշել էր ՀՀ ՊԵԿ մաքսային հսկողության վարչության պետի տեղակալը:

Նշենք, որ 2019 թվականի հունվարի 1-ից առանց մաքսատուրքերի ու հարկերի վճարման ներմուծվող ապրանքների արժեքային չափը կրճատվել է 3 անգամ, իսկ կշիռը՝ 2 անգամ: Փոփոխությունները նախատեսված են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի` 2017թ. դեկտեմբերի 20-ի որոշմամբ:

Պետական եկամուտների կոմիտեն ֆիզիկական անձանց տեղեկացրել է, որ նոր կարգավորման համաձայն` եթե ֆիզիկական անձինք ԵԱՏՄ մաքսային տարածք ներմուծեն անձնական օգտագործման ապրանք, որի արժեքը չի գերազանցում 500 եվրոյին համարժեք գումարը, իսկ քաշը` 25 կիլոգրամը, ապա որևէ գանձում չի կատարվի: Չափաքանակները գերազանցելու դեպքում կիրառվելու է մաքսատուրքերի և հարկերի միասնական դրույքաչափ, այսինքն` ապրանքների արժեքի նկատմամբ 30%-ի չափով, բայց ոչ պակաս, քան 1 կիլոգրամի համար 4 եվրոյին համարժեք գումար՝ նշված արժեքը կամ կշիռը գերազանցող մասի համար:

Ընդ որում, կարգավորումները վերաբերում են տրանսպորտային միջոցներով (բացի օդային տրանսպորտից) կամ առանց դրանց ԵԱՏՄ տարածք ներմուծվող, ուղեկցվող կամ չուղեկցվող ուղեբեռում անձնական օգտագործման ապրանքներին, բացառությամբ էթիլային սպիրտի, ալկոհոլային խմիչքների, գարեջրի, անձնական օգտագործման ոչ բաժանելի ապրանքների: