Խորհուրդ չեմ այս պաշտոնի բեռը չպատկերացնողներին աչք ունենալ պաշտոնի վրա․ ՀՀ գլխավոր դատախազ

Մանրամասներ
ա

ԱԺ-ում ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին լրագրողները հարց ուղղեցին այն մասին, թե արդյոք իշխանությունները նրան առաջարկ արել են աշնանը Գլխավոր դատախազի պաշտոնը կրկին զբաղեցնելու վերաբերյալ՝ հիշեցնելով, որ օրենսդրությունը թույլ է տալիս, որ ինքը ևս մեկ անգամ առաջադրվի այդ պաշտոնում:

«Շատ լավ ասացիք՝ ժամկետը արդեն մոտենում է, բայց դեռ չի մոտեցել: Հետևաբար, կան օրենքով նախատեսված ժամկետներ, ընթացակարգեր, և դրա մասին ոչ կոռեկտ եմ համարում, ժամանակային առումով էլ վաղ եմ համարում խոսելը»,- ասաց Դավթյանը:

Դիտարկմանը, որ գուցե փորձեր են արվում թուլացնել իր դիրքերը և ի այդ պաշտոնում մեկ այլ անձի նշանակել, Արթուր Դավթյանն արձագանքեց.

«Դե «գուցեներ» շատ կան: Շատ մարդիկ կունենան ինչ-որ շահագրգռություններ, ինչ-որ մոտիվներ: Բազում պարապ մարդիկ ուղղակի սուրճի սեղանի շուրջ զրույցներ կարող են ունենալ: Ցավոք, դա վերջին շրջանում հաճախ է տեղափոխվում լրատվական դաշտ, բայց կոնկրետ դա ինձ չի հետաքրքրում»:

Հարցին՝ ցանկանում է կրկին զբաղեցնել գլխավոր դատախազի պաշտոնը, թե ոչ, Դավթյանը  չպատասխանեց։

«Իմ այդ թեմային անդրադառնալու համար դեռ շատ վաղ է»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է խոսակցություններին, որ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը «աչք ունի» գլխավոր դատախազի պաշտոնի վրա կամ  ցանկանում է իր մտերիմներից մեկին բերել այդ պաշտոնում, Արթուր Դավթյանն ասաց. «Խորհուրդ չեմ տա խորությամբ այս պաշտոնի պատասխանատվությունն ու բեռը չպատկերացնողներին աչք ունենալ սրա վրա»: