Սերժ Սարգսյանը հանձնելո՞ւ էր Շուշին, չէր հանձնելու, պատերազմ էր սկսվելու

Մանրամասները՝ տեսանյութում

Իմ ելույթին Սերժ Սարգսյանի արձագանքը տվեց մի ֆունդամենտալ եւ կարեւոր հարցի պատասխան: Այս մասին, այսօր՝ ապրիլի 14-ին, ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Երեկ այս դահլիճում ես ներկայացրեցի 1998-ից 2018 թվականներին տեղի ունեցած իրադարձությունների շղթան: Պատահական չէ, որ այդ 3 ժամանոց քննարկումից Սերժ Սարգսյանն անդրադարձել է միայն մեկ դրվագի՝ ասելով, որ ինքը Ղարաբաղի հարցի փուլային կարգավորման շուրջ չի բանակցել երբեք եւ որ ինքը փուլայինի եւ փաթեթայինի տարբերության մասին մի քանի անգամ հրապարակային խոսել եմ, նաեւ հանգամանորեն բացատրել, որ փաթեթային տարբերակը չի կարող կյանքի կոչվել մեկ օրում կամ մեկ ժամում, այլ, միանշանակ, պետք է լուծվի փուլերով», - հայտարարեց վարչապետը:

Նրա խոսքով, Սերժ Սարգսյանը միայն այդ դրվագին է արձագանքել, որովհետեւ այս դրվագի պարզաբանմամբ ֆունդամենտալ մի հարց է լուծվում, որ 1998 թվականի իշխանափոխությունը ոչ թե Ղարաբաղի որևէ կարգավիճակի համար էր, ոչ թե Ղարաբաղը ինչ-որ բանից փրկելու համար էր, այլ իշխանությունը զավթելու համար էր. «Սա է պատճառը, որ նա անդրադարձել է միայն այս դրվագին, որովհետև միայն այս պարզաբանումը ընդգծում է, որ 20 տարվա պատմությունը ունեցել է բոլորովին ուրիշ համատեքստ: Ամենևին էլ պատահական չէ, որ 2020 թվականի պատերազմից հետո Սերժ Սարգսյանը, վերադառնալով 2018 թիվ, ասում է «ես այն ժամանակ ուզում էի մնալ վարչապետ Ղարաբաղի հարցի համար». նրանց ամեն ինչի լեգիտիմությունը Ղարաբաղի հարցն է», - ասաց Փաշինյանը:

Նա նշեց, թե ոնց էր Սերժ Սարգսյանը լուծելու Ղարաբաղի հարցը, երբ 2018 թվականի ապրիլի 17-ին ԱԺ ամբիոնից ասել է, որ բանակցությունները կանգնած են, լավատեսություն չեն ներշնչում եւ Ադրբեջանի ակնկալիքները բանակցային գործընթացից անընդունելի են մեզ համար. «Գնալու էր ու ընդունե՞ր Ադրբեջանի անիրատեսական պահանջները», - նշեց վարչապետը:

Նրա խոսքով, Սերժ Սարգսյանը նաեւ հայտարարել է, որ երկար ժամանակ չպետք է հույս ունենանք, որ Ադրբեջանը չի փորձելու ռազմական ճանապարհով լուծել Ղարաբաղի հարցը. «Սա էլ այն հարցի պատասխանը, թե պատերազմական իրադրության հեղինակը ո՞վ է, մե՞ր իշխանությունն է պատերազմի հեղինակը, թե մեր իշխանությունը չի: Երբ ասում են՝ կարելի էր պատերազմը կանխել, դա ժանր է, որ կոչվում է գրոտեսկ: Ես ասում եմ՝ պատերազմը կարելի էր կանխել Սերժ Սարգսյանի հիշատակած անիրատեսական ու անընդունելի պահանջները կատարելու արդյունքում»,-ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով, բանակցություններում որեւէ կարգավորում չէր լինելու, մինչեւ Շուշիի հարցը չլուծվեր, որը 1996-ից եղել է բանակցային սեղանին. «Սերժ Սարգսյանը հանձնելո՞ւ էր Շուշին, չէր հանձնելու, պատերազմ էր սկսվելու. ու ոչ միայն Շուշին, Ղարաբաղի մի մասը հանձնելո՞ւ էր: հեքիաթներ են պատմում, թե Լաչինի միջանքը էսպես պետք է լիներ, այնպես պետք է լիներ: Լաչինի միջանցքի լայնության մասին բանակցային ոչ մի փաստաթղթում ոչ մի բան չկար: Դա հետո պետք է քննարկվեր: Եվ այդ փուլայինին հետո եւս մի փուլ է ավելացել՝ անվտանգության խորհրդի նիստում պետք է որոշվեր ԼՂ կարգավիճակը կամ ընթացիկ կարգավիճակը»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում