ՀՀ քաղաքացիները կորոշեն, թե ով կլինի հաջորդ իշխանությունը. Միրզոյանը՝ Մարգարյանին

Մենք կանենք առավելագույնը, որ ստանանք ոչ թե 80, այլ 99 տոկոս

Կարծում եմ՝ Հրանտ Մարգարյանի ոչ իրատեսական գնահատական է տվել: Այս մասին, այսօր՝ հունվարի 18-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հայտարարությանը, թե 5 տարի հետո տուն են ուղարկելու գործող իշխանություններին և ստանձնելու են երկրի ամբողջական ղեկավարման գործը:

Վերջինս նշել է, որ Հրանտ Մարգարյանը տվել է ոչ իրատեսական գնահատական:

«ՀՀ քաղաքացիները կորոշեն, թե ով կլինի հաջորդ իշխանությունը: Իհարկե, չի բացառվում, որ դա լինենք նորից մենք և չի բացառվում, որ դա չլինենք մենք: Վաղաժամ է նման գնահատականներ տալը: Ես ոչինչ չեմ կարող ասել 5 տարի հետո մեր ստանալիք քվեների մասին: Մենք կանենք առավելագույնը, որ ստանանք ոչ թե 80, այլ 99 տոկոս»,-ասաց նա:

Անդրադառնալով Հրանտ Մարգարյանի մեկ այլ տեսակետին, ըստ որի՝ նոր իշխանությունները չեն արտահայտում ժողովրդական շարժման տրամադրությունները և անկարող են լուծել այն խնդիրները, որոնց համար էլ սկիզբ առավ այդ շարժումը, Միրզոյանն ասաց.

«Տարիներ շարունակ Հայաստանում կար արդարության, իրավունքների եւ ազատությունների  խնդիր, իհարկե նաեւ սոցիալական ու տնտեսական խնդիր: Եթե այդ սոցիալականի ու տնտեսական պրիզմայով նայենք, նորից հանգելու ենք իրավունքներին: Սա էր, որ հնարավոր դարձրեց հեղափոխությունը: Գործող իշխանությունն արդեն իսկ լուծել է իր առջեւ դրված թիվ մեկ մարտահրավերը: Այն է՝ ազատ, արդար, արժանապատիվ Հայաստանն արդեն վաղուց իրականություն է: Հիմա գալիս է բարեփոխումների երկրորդ փուլը, որը պետք է վերաբերի հիմնականում տնտեսությանը, սոցիալական ոլորտին: Այստեղ արդեն իշխանությունը նոր-նոր պետք է սկսի բարեփոխումներ մշակել ու իրականացնել: Չմոռանանք, որ ընդամենը մեկ ամիս է, որ իշխանությունը լիարժեք ձեւավորվել է այդ թվում օրենսդիր մարմնում»,-ասաց նա: