Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի կրտսեր դուստրը 2006 թվականին առանձնատուն է ձեռք բերել Լոնդոնի հյուսիսում՝ նպատակ ունենալով բրիտանական քաղաքացիություն ստանալ։ Ինչպես պարզաբանում է The Sunday Telegraph-ը, գնումը 41-ամյա Ալիյա Նազարբաեւայի ամենանշանակալի ձեռքբերումներից մեկն է դարձել հանրապետությունից 300 միլիոն դոլար դուրս բերելուց հետո։ Տպավորիչ ծախսերի մասին հայտնի է դարձել քաղաքական գործչի դստեր եւ ֆինանսական խորհրդատուների միջեւ ծագած կոնֆլիկտից հետո:
Հստակեցվում է, որ 8.75 մլն ֆունտ ստերլինգ իր ունեցվածքից Ալիյան ծախսել է Հայգեյթ թաղամասում տուն գնելու վրա։ Եվս 14 մլն դոլար ծախսվել է Դուբայում տուն գնելու վրա։ Բացի այդ, քաղաքական գործչի ժառանգը Bombardier Challenger շքեղ ինքնաթիռի սեփականատեր է դարձել։ Գնումը նրան 18 միլիոն ֆունտ ստեռլինգ է արժեցել:
Շքեղ առանձնատների եւ ինքնաթիռի գնման մասին հայտնի դարձավ այն բանից հետո, երբ Ալիյայի եւ նրա ֆինանսական խորհրդականների միջեւ կոնֆլիկտ ծագեց: Քաղաքական գործչի ազգականը դատական հայց ներկայացրեց խորհրդատուների դեմ՝ մեղադրելով նրանց անազնվության, միջոցների յուրացման, խարդախության նպատակով դավադրության, հավատարմագրային պարտականությունների (անգլո-սաքսոնական իրավունքի հայեցակարգը, որը կարգավորում է հոգաբարձուի պարտականությունները, մասնավորապես, ներկայացուցիչը պարտավոր է հոգաբարձուի շահերը վեր դասել իր սեփականից) խախտման եւ անհիմն հարստացման մեջ։ Նշվում է, որ սկանդալը, որում 165 միլիոն ֆունտ ստերլինգի հայց էր ներկայացված, հետագայում հարթվեց գաղտնի համաձայնագրով։
Պարբերականի տվյալներով՝ Նազարբաեւան 312 միլիոն դոլար է տեղափոխել Ղազախստանից այն բանից հետո, երբ իր խորհրդականներին հայտնել է, որ իր համար այնտեղ մնալը վտանգավոր է։
Բացի այդ, դատարան ներկայացված փաստաթղթերի մեջ կա նաև նրա ունեցվածքի կառավարչի հայտարարությունը, որում նրան որպես «քաղաքական իմաստով կարեւոր անձ» է որակել։
Նշվում է, որ 2006 թվականին Նազարբաեւան վաճառել է իր տրամադրության տակ գտնվող բաժնետոմսերի մի մասը եւ դրանց դիմաց մոտ 325 մլն դոլար է ստացել։ Օգտագործելով խորհրդատուների ծառայությունները՝ նա Լիխտենշտեյնում հիմնադրամ է հիմնել եւ 150 մլն դոլար է վստահել իր խորհրդականներին։ Այնուհետեւ նա մեղադրել է խորհրդականներին, որ նրանք խախտել են իրենց հետ պայմանավորվածությունները եւ անարդար ճանապարհով լրացուցիչ շահույթ են ստացել իր միջոցներից։
Նշենք, որ Ղազախստանում անվտանգության աշխատակիցների եւ ցուցարարների բախման ժամանակ ԶԼՄ-ները տեղեկություն էին շրջանառել, որ ազգի հայրը՝ Ղազախստանի առաջին նախագահը, լքել է երկիրը։ Չնայած մամուլի քարտուղարի հավաստիացումներին, որ Նազարբաեւը գտնվում է հանրապետության մայրաքաղաք Նուր-Սուլթանում, վերջին մի քանի օրվա ընթացքում նա չի եղել հասարակական վայրերում եւ հայտարարություններ չի արել, որ գոնե ինչ-որ կերպ հաստատի մամուլի քարտուղարի խոսքերը:
0Comments