Իրանը համարում է ղարաբաղյան հողերը ադրբեջանական, սատարում է և հետայսու էլ սատարելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Ըստ azatutyun.am-ի՝ այդ մասին երեկ Բաքվում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ, հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամադ Բաղերին:
Ինչպես տեղեկացնում է իրանական IRNA պետական լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով ադրբեջանական «Թրենդ»-ի հաղորդագրությունը, Բաղերին անընդունելի է համարել «սահմանների փոփոխությունը բռնի ճանապարհով»:
«Իրանը այդ հարցում միշտ Ադրբեջանի կողքին է», - նաև ասել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբ պետը:
Ալիևը խնդրել է Իրանի ղեկավարությանը փոխանցել իր երախտագիտությունը «այդ եղբայրական դիրքորոշման համար» և ընդգծել, որ Ադրբեջանը բարձր է գնահատում «այդ արդարացի դիրքորոշումը»: Նա հաղորդել է հայերի կողմից «օկուպացված տարածքներում Ադրբեջանի պատմա-կրոնական հուշարձանների ավերման մասին», փոխանցում է իրանական պետական լրատվական գործակալությունը:
Բաղերին Բաքվում, որպես իր այցի նպատակ, նշել է Իրանի և Ադրբեջանի միջև ռազմական և պաշտպանական համագործակցության ընդլայնումը:
0Comments