Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր էջում սպառնացել է տնտեսապես ոչնչացնել Թուրքիային, եթե վերջինս փորձի հարվածել Սիրիայի քրդերին։ 2019-ը խոստանում է որոշիչ տարի լինել Մերձավոր Արևելքի համար։
Պատերազմն այնտեղ կարծես մոտենում է ավարտին և արդեն պարզ է, որ դրա արդյունքներով ձևավորվող քաղաքական հավասարակշռությունն ու անվտանգության համակարգը իր ազդեցությունն է ունենալու նաև հարակից տարածաշրջանների՝ այդ թվում Հարավային Կովկասի վրա։ Հայաստանում այդ հանգամանքը, կարծես, քչերին է հետաքրքրում։
Իրանի շուրջ կարևոր զարգացումներ են տեղի ունենում։ Այդ երկիրը փոխվել է՝ նույնը չէ ինչ մի քանի տարի առաջ էր։ Պաշտոնական Թեհրանի տարածաշրջանային քաղաքականության առաջնահերթություններն էլ, մեր երկրի հանդեպ մոտեցումներն էլ են փոխվել։ Ո՞վ է հիմա դրա մասին մտածում Հայաստանում, չգիտեմ։
Ռուսաստանը հետխորհրդային տարածաշրջանն է վերափոխում։ Հայաստանին շանս էր տրված լուրջ դերակատարում ունենալ այդ գործընթացում։ Մերժեցինք։ Ինչու՞։ Դա էլ չգիտեմ։ Խելքը գլխին քննարկում սրա մասին էլ չեղավ. խզմալյանական լաչառությունը չթողեց։
… Հիմա այս ամենը մտքումս ունենալով՝ նորընտիր խորհրդարանի առաջին նիստն ու դրան հաջորդած հանրային քննարկումներին եմ հետևում։ Դժվար օրեր են սպասվում մեզ։
Աշխարհից կտրված հնարավոր չէ ապրել։ Այո, ընդունում եմ՝ դա մեր ժողովրդի հազարամյա պրոբլեմն է, բայց մի բան է, երբ մարդն ապրում է V դարում, և միանգամայն այլ, երբ նա ուզում է մեկուսանալ XXI դարում։
Մեր ժամանակների Ավարայրն այլ պահանջներ ունի իր կերտողներից։ Բախտի բերումով խորհրդարանում հայտնված տարբեր մարդկանց հիմարություններով ուրախանալը, քաղաքական իրական կարևորություն ունեցող հարցերի փոխարեն սրա-նրա բաճկոնները քննարկելն ու ջայլամներին հատուկ այլ բաներով զբաղվելը միայն վատթարացնում են մեր վիճակը։ Լրջանալ է պետք»։
0Comments