Մարդը գնում է աջ, ասում են պիտի պատվաստվի, գնում է ձախ, ասում են պիտի ՊՇՌ թուղթ բերես

Մանրամասներ

1

Մեր ակնկալիքն է, որ վարչական դատարանը օբյեկտիվ որոշում կայացնի։ Մենք խնդրել ենք նաեւ կասեցնել առողջապահության նախարարի հրամանը՝ մինչեւ դատաքննությանը ավարտը։ Այս մասին քիչ առաջ ՀՀ փաստաբանների պալատի նախագահի պաշտոնի ստանձնման արարողությունից հետո լրատվամիջոցների հետ զրույցում ասաց ՀՀ Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը՝ անդրադառնալով իրենց հայցադիմումին, որով պահանջում են չեղյալ համարել առողջապահության նախարարի հայտնի հրամանը՝ կապված պարտադիր պատվաստման հետ։

«Բնականաբար, եթե ի վերջո այդպիսի որոշում կայացվի, կարծում եմ, որ դա իսկապես ճիշտ ու արդարացի կլինի, քանի որ այդ հարցը իրոք հանրային մեծ նշանակություն ունի։ Առողջապահության նախարարի հրամանով մարդուն դրել են փակուղու մեջ։ Մարդը գնում է աջ, ասում են՝ բժշկական միջամտություն պիտի լինի, պիտի պատվաստվի, գնում է ձախ, ասում են՝ պիտի ՊՇՌ թուղթ բերես՝ էլի բժշկական միջամտությամբ։ Քաղաքացուն ուղղակի այլընտրանք չեն թողել ու մենք իրականում հենց այդ բաղադրիչի դեմ ենք պայքարում, ոչ թե ընդհանուր պատվաստման դեմ։ Հարգում ենք այն մարդկանց, որոնք գիտակցաբար որոշում են՝ կամ պատվաստվել, կամ չպատվաստվել, բայց պարտադրել, բնականաբար, չի կարելի»,- ասաց նա։

Անդրադառնալով հոկտեմբերի 7-ին կայանալիք հանրահավաքի վերաբերյալ «Հրապարակի» դիտարկումներին, Զոհրաբյանը ասաց, որ դա ևս՝ փողոցային պայքարը, իրավական ճանապարհներից մեկն է, որոնցով փորձում են մարդկանց ձայնը լսելի դարձնել։