Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երկու օր շարունակ գրվում է Սյունիքում ճանապարհին ադրբեջանական ոստիկանական անցակետ դնելու և իրանական բեռնատարներից փող գանձելու մասին։ Իմ հանդիպած բոլոր վերլուծություններում շեշտը դրվում է զգացմունքային հարցի վրա՝ թշնամին մտել է մեր տարածք և ցինիկաբար է վարվում, ուզում է գրավել Սյունիքը։
Իրականում Ադրբեջանը այս գործողությամբ կարևոր տնտեսական քայլ է անում՝ կտրելու Իրանը Հայաստանից, ինչի անհրաժեշտ պայման է շահութաբերության անկումը։
Իրանական բեռնատարները աստիճանաբար դադարելու են ՀՀ տարածքը որպես տարանցիկ ուղի օգտագործել, նաև զգալի կնվազեն Իրանից Հայաստան բեռնափոխադրումները․ շահավետ չի լինի իրանցիների համար։ Սա իր հետ բերելու է Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունների նվազման ինչպես իրանական բիզնեսի, այնպես էլ միջազգային խոշոր խաղացողների համար, Հնդկաստանն ու Չինաստանը դադարելու են ընդհանրապես Հայաստանը քննարկել միջազգային մայրուղիների իրենց պլաններում։ Այլ կերպ ասած՝ չկա բիզնես շահ, չկա քաղաքական բարենպաստ պայման։
Սա էլ իր հերթին բերելու է Հայաստանի ևս մեկ շնչուղու փակման՝ շնչահեղձ անելով մեր երկիրը։
Ինչի՞ է ձգտում այդկերպ Ադրբեջանը։ Ստիպել հայկական կողմին միջանցք տրամադրել իրեն՝ Սյունիքի մարզով միանալ Նախիջևանին և Թուրքիային, ինչը իր հետ Ադրբեջանին տալու է ֆինանսական հսկա հավելյալ ռեսուրսների խնայում։
Հայաստանի քաղաքական իշխանության ներկա ապիկարության ու տգիտության պայմաններում մենք ավելի արագ քայլերով ենք գնում դրան։ Այնինչ կան հստակ և պարզ գործողություններ, որոնք անելու դեպքում Հայաստանը կարող է արագ և ամուր կերպով դառնալ տարածաշրջանային գործոն։
Քանի որ չկա որևէ գրավոր փաստաթուղթ Գորիս-Կապան ճանապարհի մի հատվածը Ադրբեջանին հանձնելու մասին, և դրա անվտանգության երաշխիքները տրվել են բանավոր կերպով, ինչը չի պահպանվում, ապա հայկական կողմը դիմում է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին՝ ցույց տալով իրականությունը, իսկ ՌԴ-ին տեղեկացնում է իր միջպետական ճանապարհն ամբողջությամբ իր հսկողության տակ վերցնելու մասին։
Հայկական բանակը մի քանի ժամում թշնամու մի քանի տասնյակ զինվորներին ու ոստիկաններին հեռացնում է ճանապարհի մոտից՝ ամբողջությամբ վերահսկելով միջպետական մայրուղին։
Մտավախությունները, թե Ադրբեջանը կարող է ռազմական գործողություն սկսել, առնվազն միամիտ են, քանի որ նույնպիսի մտահոգություն ունի Ադրբեջանը մեր առումով։ Չունենալով անհրաժեշտ ռազմական տեխնիկա և մարդկային ռեսւորս՝ նրանք ևս վախենում են, թե կարող ենք փոխել իշխանությանն ու ռեվանշ անել։
Բայց դե տգետները դա չեն հասկանա, նրանց համար կարևորը ասֆալտն է»։
0Comments