Հակառակորդի կրակոցից վիրավորված Երասխի համայնքապետը գիշերը տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ

Մանրամասներ

Արարատի մարզի Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը նախօրեի գիշերը տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Այս մասին NEWS.am-ին հայտնել է «Արարատի հիվանդանոց» բժշկական կենտրոնի տնօրեն Արայիկ Սարդարյանը։

«Բեկորը արմնկահոդից մի քիչ վերև մտել էր և բարձրացել մինչև թիակի տակ։ Բեկորը շատ խորքում էր, հեռացնելու խնդիր կար դրա համար տեղափոխեցինք, բայց խոռոչները չէին վնասվել։ Վիճակը բավարար է, կյանքին վտանգ չի սպառնում»,- նշեց նա։

 

Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 19-ին, Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ադրբեջանական զինված ուժերը ժամը 18:40-ից սկսած տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը: Կիրառվել են նաեւ ականանետեր: Իրադրությունը հանդարտվել է գիշերը ժամը՝ 02։00-ին։

Փոխհրաձգության ընթացքում վիրավորում էր ստացել Երասխի համայնքապետ Ռադիկ Օղիկյանը, որը փորձում էր կազմակերպել ադրբեջանցիների գործողությունների արդյունքում բռնկված հրդեհը մարելու աշխատանքները։