Պենտագոնը խոստովանել է, որ Ռուսաստանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը որսացել-կալանել է իրենց ինքնաթիռը Սև ծովի երկնքում։ ԱՄՆ օդուժի՝ Եվրոպայի ու Աֆրիկայի տարածաշրջանային խմբավորման ներկայացուցիչը նշել է, որ դա եղել է անվտանգ կալանում։ Այս մասին նշվում է «ՏԱՍՍ» գործակալության մեջբերման մեջ։
Միջադեպը եղել է Ղրիմի ափերի մոտ։ Ամերիկյան հետախուզական RC-135V/W ինքնաթիռը թռիչք է իրականացրել Սև ծովի երկնքում, երբ նրան մոտեցել է ռուսական ավիացիան։ Ամերիկյան կողմի պնդմամբ՝ որևէ վտանգավոր մանևր չի եղել, ու կալանումից հետո էլ որևէ գործողություն ռուսական կողմը չի իրականացրել։
Մինչ այդ ռուսական իշխանամերձ լրատվամիջոցներն արդեն հայտնել էին, որ իրենց ավիացիան մեկ շաբաթում երեք անգամ օդ է բարձրացվել՝ օտար թռչող սարքերի կողմից Ռուսաստանի սահմանների խախտում թույլ չտալու համար։ Ռուսական կողմի պնդմամբ՝ շաբաթվա ընթացքում 14 թռչող սարք է մոտեցել իրենց սահմաններին։
0Comments