Ռուսաստանի նկատմամբ եվրոպական պատժամիջոցները կգործեն ևս առնվազն 6 ամիս

Կապված են Ղրիմի Ռուսաստանին միացման հետ

Դեկտեմբերի 29-ին ուժի մեջ է մտել ԵՄ խորհրդի որոշումը, որով Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցմների ժամկետը երկարաձգվել է ևս վեց ամսով․ դրանք կգործեն առնվազն մինչև 2019 թվականի հուլիսի 31-ը։ Այս մասին խորհրդի որոշումը հրաարակվել է ԵՄ կայքում։

Պատժամիջոցները վերաբերում են Ռուսաստանի ֆինանսական, էներգետիկ, ռազմարդյունաբերական (պաշտպանական), ինչպես նաև երկակի նշանակության ապրանքների արտադրության ոլորտներին։

Այս պատժամիջոցները կապված են Ղրիմի Ռուսաստանին միացման հետ․ եվրոպական կողմում պնդում են, որ դա ուղղակի Ուկրաինայի տարածքի բռնակցում է եղել Ռուսաստանին։ Մոսկվայից էլ պնդում են, որ Ղրիմի ժողովուրդը հանրաքվեով արտահայտել է անկախանալու և Ռուսաստանին միանալու իր դիրքորոշումը, հետևաբար ամեն ինչ օրինական է։