«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․
«Կախարդական փայտիկ VS Երկաթե շերեփ
1878 թվականից սկսած հայ ժողովուրդը մասնակցում է մի մարզաձևի, որը կոչվում է ուզվորություն։ Այդ մարզաձևում մենք աշխարհի չեմպիոն ենք։
Սան Ստեֆանոյի, Բեռլինի և Լոզանի վեհաժողովներից մինչև Սևր ու ԵԽԽՎ նիստեր մենք աշխարհից ուզում ենք։ Ուզում ենք, որ մեզ խղճան, մեզ պահեն, մեզ սիրեն, մեր գլուխը շոյեն, մեզ տան (իրավունքներ, տարածք, պետություն, փող, գերիներին)։
«Ուզվոր» մարզաձևում մենք չեմպիոնական կոչումից զրկվեցինք 1994թ․՝ հաղթելով Արցախյան պատերազմում և այդ հաղթանակի շնորհիվ ապահովելով Հայաստանի սուբյեկտայնությունը։
Բայց ուզվորության աշխարհի չեմպիոն լինելու հանգամանքը հանգիստ չէր տալիս հայ ժողովրդին ու հատկապես մեր քաղաքական վերնախավի կղերապահպանողական հատվածին։ Դա էր պատճառը, որ հայտարարվեց, որ քանի դեռ Արցախի հարցը կա, «Սերգո ջանը» լավ չի ապրելու և քանի դեռ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման հարցը պետական օրակարգում կա, Թուրքիան մեզ լավ աչքով չի նայելու ու էժան խառը կանաչի չի տալու։
1998–ին փորձ արվեց թույլ չտալ կրկին դառնալ ուզվորության չեմպիոն։ Տեղի ունեցավ իշխանափոխություն։ Գրանցվեցին զգալի դրական արդյունքներ ու էական առաջընթաց ուզվորության չեմպիոնական մրցավազքից դուրս մնալու համար, սակայն 2008–ի նախագահական ընտրություններում ուզվորությունը կրկին գլուխ բարձրացրեց, իսկ դրան հաջորդող գործընթացները հնարավորություն տվեցին 2018–ին վերակենդանացնել 1998–ին մերժված ուզվորությունը և դարձնել այն պետական քաղաքականություն։
Եվ այսպես, հայ ժողովուրդը և իր քաղաքական վերնախավի գրեթե 100 տոկոսը որոշեցին երկաթե շերեփը (Արցախյան հաղթանակ, Արցախի պետականություն, ՀՀ սուբյեկտայնություն, ՌԴ հետ ռազմավարական ու դաշնակցային հարաբերություններ, Արևմուտքի հետ արդյունավետ գործընկերություն, Իրանի հետ բարեկամություն, Վրաստանի հետ արժանապատիվ հարևանություն և հարգանք բոլորի կողմից) դուխով փոխել Նիկոլի խոստացած կախարդական փայտիկի հետ։ Արդյունքները ողբերգական են․ ՀՀ–ն դեռևս ՄԱԿ անդամ անկախ պետություն է համարվում, բայց փաստացի վերածվել է բնակիչներ ունեցող տարածքի, որը Ռուսաստանը, իր շահերից ելնելով, առայժմ թույլ չի տալիս ամբողջությամբ հոշոտել մեր ոխերիմ հարևաններին։
Նախորդ դարում ցեղասպանություն տեսած ու պետականության կորցրած հայ ժողովրդին Նիկոլը կախարդական փայտիկով վերադարձրեց ուզվորության մրցումներին։ Նա խոստացավ չեմպիոն դարձնել մեզ համար արդեն ավանդական դարձած այդ մարզաձևում ու ստացավ հիացական «այո՜»–ներ»։
«Ուզվոր» մարզաձևում մենք աշխարհի չեմպիոն ենք
Անդրանիկ Թևանյան․ Մանրամասներ
0Comments