2018-ի թավշյա ու բռնի կալանավորումները

Այս տրամաբանությամբ նախկին իշխանության կեսից ավելին պետք է ճաղերի հետեւում հիմա լիներ

Տարվա աղմկահարույց կալանավորումների շարքում է գործարար Սամվել Մայրապետյանի կալանավորումը, որը նույնպես մեկնաբանվեց որպես Քոչարյանի վրեժի շրջանակներում։Մայրապետյանը կալանավորված է կաշառք տալուն օժանդակելու գործով, այլ կերպ ասած՝ միջնորդ է եղել, այս տրամաբանությամբ նախկին իշխանության կեսից ավելին պետք է ճաղերի հետեւում հիմա լիներ։ Սակայն ակնհայտ է, որ Քոչարյանի մտերիմ գործարարին «պատանդ» են պահում՝ երկրորդ նախագահի դեմ ցուցմունք կորզելու նպատակով ու հաշվի չեն առնում, որ նա կալանքի հետ անհամատեղելի հիվանդություն ունի։ Կասկած չկա, որ շուտով նրան ազատ կարձակեն, սակայն մինչ այդ Մայրապետյանը ստիպված կլինի իր քսակը դատարկել Նիկոլ Փաշինյանի առջեւ, որը կորոշի՝ որքանն ուղղել պետական, որքանը սեփական գանձարան։

Նույն տրամաբանությամբ եղավ նաեւ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբոր՝ Հենրիկ Աբրահամյանի կալանավորումը, իհարկե, նա երկու ամիս հետո ազատ արձակվեց, սակայն քաղաքական նպատակն այն է, որ նախկին վարչապետին զգուշացնել՝ հեռու մնալ Քոչարյանից ու մտքով չանցկացնել օժանդակել վերադարձի ծրագիրը։ Մինչդեռ Սերժ Սարգսյանի բուն ընտանիքի, Գագիկ Խաչատրյանի եւ այլոց կողմից թալանի մասին մամուլում ավելի շատ լուրեր կային, բայց նրանց Փաշինյանը մոտ չի գնում։

Սերժ Սարգսյանի մերձավորներն ու «լեդի կաշառատուն» Սերժի Վաչոյի՝ Վաչագան Ղազարյանի բռնել բաց թողնելու, Սաշիկ Սարգսյանի որդու կալանավորումը ընդամենը պատրանք է, որ Նիկոլ Փաշինյանը նաեւ Սերժ Սարգսյանի եւ նրա մերձավորներին է մոտիկ գնում։ Իսկ գործարար Սիլվա Համբարձումյանը մի ուրույն էպոպեա է հեղափոխական Հայաստանում, որի արկածների մասին հայտնի դարձավ վերջին ժամանակները, թե ինչպես էր բիզնես լեդին կաշառք տվել նախկին իշխանության տասնյակ պաշտոնյաների՝ Արամ Հարությունյան, Արմեն Գեւորգյան, Մայրապետյան եւ այլն։ Համբարձումյանի տեսակի խրախուսմամբ իշխանությունը ճանապարհ բացեց բոլոր այլանդակ գործարքների, կոռուպցիոն քայլերի առջեւ միայն մի պայմանով, որ կարող ես դրանք անել, եթե պատրաստ ես իշխանության «զոհի» դեմ ցուցմունք տալ դու կդառնաս ամենայն հայոց Նիկոլի Սիլվան։

Անի Սահակյան