2018-ը իրադարձություններով լի տարի էր Հայաստանի համար՝ հատկապես հեղափոխությունից հետո։ Հեղափոխությունը ոչ միայն նոր քաղաքական միջավայր ստեղծեց, այլ նաև արենա բերեց նոր դեմքերի, ովքեր չվրիպեցին հասարակության աչքից։ Ներկայացնում ենք տարվա ընթացքում ամենաշատը քննարկված հայ կանանց։ Նաիրա Զոհրաբյանը ճիշտ է, նա հայտնություն չէ, սակայն նոր սանրվածքն ու ոճը նրա մասին խոսելու լավ առիթ դարձավ։ Զոհրաբյանի կերպարանափոխության մասին համացանցի հայկական հարթակում հիմնականում դրական կարծիքներ էին հնչում։
Ամենաշատ քննարկված և քննադատված կանանց շարքում չէր կարող չլինել Լիլիթ Մակունցը, ով հայտնություն էր բոլորի համար։ Մինչ հեղափոխությունը Մակունցին ոչ ոք չէր ճանաչում, իսկ հեղափոխությունից հետո մշակույթի հետ ոչ մի կապ չունեցող այս կինը ոչ միայն դարձավ նախարար, այլ նաև հայտարարեց, որ մշակույթը ինքն է։
30-ամյա Տաթեւիկ Ռեւազյանի նշանակումը Քաղաքացիական ավիացիայի վարչության նախագահի պաշտոնում հատկապես քննադատվեց այն ժամանակ, երբ հայտնի դարձավ, որ նա լավ չի տիրապետում հարերենին, քանի որ 5 տարեկանից ապրել է Դանիայում։ Շատերի համար անընդունելի էր երիտասարդ ու անփորձ աղջկան, ով հայերենին վատ է տիրապետում՝ նման պատասխանատու պաշտոնում նշանակելը, բայց ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանն իր կադրային քաղաքականության մեջ նախապատվությունը տալիս է երիտասարդ կադրերին։
Առաջին տիկին Աննա Հակոբյանին ճանաչում էին մասնագիտական շրջանակներում, իսկ հեղափոխությունից հետո Հակոբյանի ոճն ու սանրվածքը հայտնվեց բոլորի ուշադրության կենտրոնում։ Հատկապես սկզբնական շրջանում՝ պաշտոնական հանդիպումների ժամանակ, նրա ոչ պաշտոնական սանրվածքը որոշների համար անընդունելի էր, քանի որ նրանք համարում էին, որ Աննա Հակոբյանը երկիր է ներկայացնում միջազգային հարթակում և բոլոր նախադրյալներն ունի կատարյալ տեսք ունենալու համար։ Մյուս մասի կարծիքով էլ, որ Հակոբյանը կատարյալ է միշտ ու ամեն տեղ։ Բայց, ինչպես երևում է, Հակոբյանը համակարծիք էր առաջին խմբի հետ և շատ արագ մտավ վարչապետի կնոջ դերի մեջ։
Երգչուհի Սիրուշոն նախկինում երբեք չի խառնվել քաղաքականությանը և երևի չէր էլ խառնվի, եթե չլիներ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը։ Սիրելի սկեսրայրին օգնության ձեռք մեկնելու պատրաստակամ երգչուհին ջանք ու եռանդ չի խնայում ամեն պատեհ ու անպատեհ առիթ օգտագործել Քոչարյանի «մարդկային բարձր հատկանիշները» ի ցույց դնելու համար։
armdaily.am
0Comments