Բեռնափոխադրող ընկերությունները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության դիմաց: Նրանք բողոքում են հունվարի 1-ից հարկային փոփոխություններից: Ակցիա իրականացնողների խոսքերով՝ այժմ փաստաթղթավորումների ավելի մեծ ծավալ պետք է ներկայացնեն, որը իրենք չենկարող իրականացնել, նաեւ հարկերն են ավելացել:
«Եթե 2 հազար դոլար մեկը փող է փոխանցում ու եթե ես չեմ կարողանում հիմնավորող փաստաթղթեր ներկայացնել, ապա դա համարվում է մաքուր եկամուտ եւ հարկվում է ըստ դրա: Բայց դա իմ մաքուր եկամուտը չի, ու դա բոլորը գիտեն: Ամեն մանր բանի համար փող փոխանցել մենք չենք կարող, իսկ չեկերը նրանք չեն ընդունում»,-ասաց ցուցարարներից մեկը, օրինակ բերելով, որ անիվ փողողին պետք է ասեն՝ քո գումարը պետք է փոխանցումով վճարե՞լ:
«Այսինքն ստացվում է, որ շահութահարկը մեզ համար ոչ թե 20 % է, այլ ավելի բարձր: Բացի այդ, սեփականության հարկ են ավելացրել և անկախ նրանից աշխատացնում ես, թե ոչ, եթե ունես այդ մեքենան, հարկ ես վճարում: Մենք առաջարկում ենք, որ լինի արտոնագրային վճար և մարդը ընտրություն կատարել՝ աշխատել արտոնագրային հարկով, թե ընդհանուր հարկային դաշտով: Դրանից զատ, ճանապարհային հարկ են մտցրել, որը 3 անգամ բարձրացել է նախկին ճանապարհային վճարից, թեեւ ըստ էության, նույն բանն է: Վրաստանի և ԵՏՄ երկրների ռեզիդենտները այդ հարկի մասով ունեն արտոնություն, եւ ստացվում է, որ մեր նկատմամբ ունեն առավելություն»,-ասացին նրանք:
Ցուցարարները հայտարարեցին՝ իրենց խնդիրը չլուծելու պարագայում դիմելու են այլ միջոցների, այդ թվում իրենց բեռնատարներով կփակեն ճանապարհներն ու կաթվածահար կանեն երթևեկությունը:
0Comments