Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը շնորհավորել է ընդդիմադիր եվրոպամետ Գործողության եւ համերաշխության կուսակցության ղեկավար Մայա Սանդուին` հանրապետության ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլ դուրս գալու կապակցությամբ: Այս մասին նա հայտարարել է երկուշաբթի կայացած ճեպազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ցանկանում եմ շնորհավորել Մայա Սանդուին նախագահական ընտրությունների երկրորդ փուլ դուրս գալու կապակցությամբ: Ընտրությունների նախօրեին նա շատ էր խոսում այն մասին, որ իշխանությունները կեղծելու են ընտրությունները: Նման արդյունքից հետո ես կարծում եմ, որ նա պետք է ներողություն խնդրի այդ մեղադրանքների համար»,- ասել է Դոդոնն այն բանից հետո, երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կիրակի անցկացված ընտրություններ կայացած ճանաչեց` ամփոփելով ընտրությունների արդյունքները` հիմնվելով ընտրական հանձնաժողովների մշակված 100 տոկոս արձանագրությունների վրա:
Այդ տվյալների համաձայն` Սանդուն հավաքել է ձայների 36.16 տոկոսը, Դոդոնը ձայների 32.61 տոկոսով զբաղեցրել է երկրորդ տեղը:
0Comments