Մարդու օրգանիզմը մեկ ընդհանուր համակարգ է, ուստի այս կամ այն օրգանի հետ կապված խնդիրներն անդրադառնում են նաև այլ օրգանների վրա: Սա է պատճառը, որ տարատեսակ հիվանդությունների մասին օրգանիզմը կարող է հուշել բավական արտասովոր ախտանշաններով, օրինակ՝ մաշկային խնդիրներով: Առհասարակ մարդու մաշկն առաջիններից մեկն է արձագանքում առողջական խնդիրներին, ուստի այս օրգանի հետ կապված ցանկացած խնդրի դեպքում հարկավոր է շատ ուշադիր լինել:
Մասնագետները ներկայացրել են մաշկային այն խնդիրները, որոնք կարող են պայմանավորված լինել վտանգավոր հիվանդություններով: Բժիշկների խոսքով՝ նշված խնդիրներից որևէ մեկի առկայության դեպքում հարկավոր է անհապաղ դիմել համապատասխան մասնագետին:
Մաշկի հետ կապված տարատեսակ փոփոխությունները հաճախ հուշում են աղիների հիվանդություններոի մասին: Օրինակ՝ սրունքներին ի հայտ եկած կարմիր ու բավական ցավոտ բծերը կարող են պայմանավորված լինել խոցային կոլիտով, աղիքային բակտերիալ վարակով կամ Կրոնի հիվանդությամբ: Սակայն աղիների հիվանդությունները մաշկային փոփոխություններով դրսևորվող միակ խնդիրը չեն, քանի որ մաշկը կարող է հուշել նաև այլ օրգանների ախտաբանությունների մասին:
Մաշկի դեղնավուն երանգը սովորաբար պայմանավորված է լինում լյարդի հիվանդություններով, այդ թվում՝ հեպատիտով ու լեղապարկի բորբոքումով: Ընդ որում՝ նման հիվանդությունների դեպքում հաճախ դեղնավուն երանգ է ստանում նաև աչքերի սպիտակուցային թաղանթը: Բացի այդ, լյարդի հետ կապված խնդիրների մասին կարող են հուշել նաև որովայնին և մարմնի վերին հատվածում ի հայտ եկած անոթային աստղիկները, որոնք սովորաբար հուշում են լյարդի ցիռոզի կամ քաղցկեղի մասին, ինչպես նաև բթամատին կամ ափերին ի հայտ եկած կարմիր բծերն ու քսանտելազմաները, որոնք դեղնավուն հանգույցներ հիշեցնող բծեր են:
Պարանոցի մաշկի պնդացումներն ու շագանակագույն երանգը, ինչպես նաև մաշկի մակերեսից մի փոքր վեր բարձրացող շագանակագույն բծերը կարող են հուշել շաքարային դիաբետի մասին, մինչդեռ դեմքին ի հայտ եկած կարմրակապտավուն ցանը պայմանավորված է լինում գայլախտով: Սովորաբար նման ցան է ի հայտ գալիս արևի ճառագայթների տակ անցկացրած հանգստից հետո և տարածվում է քթի ու այտերի հատվածում՝ իր ձևով հիշեցնելով թիթեռ:
Մակշային խնդիրներով կարող է դրսևորվել նաև վասկուլիտը, որը բավական ծանր անոթային հիվանդություն է: Այս դեպքում հիվանդության մասին են հուշում մաշկին (սովորաբար սրունքներին) ի հայտ եկած կարմիր արյունով լցված բծերը, որոնք առաջանում են մանր արյունատար անոթների վնասվածքների հետևանքով: Նման բծերը կարող են պայմանավորված լինել ոչ միայն վասկուլիտով, այլև տիֆով ու քութեշով, որոնք սուր վարակիչ հիվանդություններ են, ուստի մասնագետները նախազգուշացնում են, որ այս ախտանշանի ի հայտ գալու դեպքում հարկավոր է անհապաղ դիմել մասնագետին:
Նյութի աղբյուրը՝ actualnews.org
0Comments