Արարատում Niva-ով հետապնդելեն BMW-ին, հարվածելով շրջել այն, հնչել են կրակոցներ

Ըստ ստացված օպերատիվ տվյալների, դրանից հետո վերջիններս կողաշրջված ավտոմեքենայից դուրս են բերել Հովհաննես Թ.-ին և ծեծի ենթարկել՝ պատճառելով մարմնական վնասվածքներ

Սեպտեմբերի 29-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 01:30-ի սահմաններում ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նորաշեն գյուղից դեպի Կոտայքի մարզի Արզական գյուղ գնալիս, Նորաշեն գյուղի բնակիչներ՝ ոմն Հենդոն իր տղաների հետ, ոմն Գերասը հետապնդել են Արզական գյուղի բնակիչ, 24-ամյա Հովհաննես Թ.-ին, որի ժամանակ կրակոցներ են արձակել, իսկ այնուհետև, հասնելով Հովհաննես Թ.-ին, իրենց ավտոմեքենայով հարվածել են Հովհաննես Թ.-ի վարած BMW մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով էլ մեքենան կողաշրջվել է:

Ըստ ստացված օպերատիվ տվյալների, դրանից հետո վերջիններս կողաշրջված ավտոմեքենայից դուրս են բերել Հովհաննես Թ.-ին և ծեծի ենթարկել՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողները՝ վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Զաքարյանի, ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները՝ Արտաշատի ոստիկանության բաժնի պետ Ռուբեն Ներսիսիյանի գլխավորությամբ, ձեռնարկելով անհրաժեշտ միջոցառումներ, պարզել են, որ ոմն Հենդոն Արարատի մարզի Նորաշեն գյուղի բնակիչ, 51-ամյա Հենրիկ Կ.-ն է, ոմն Գերասը՝ նույն գյուղի բնակիչ, 29-ամյա Գերասիմ Բ.-ն, իսկ Հենդոյի որդին՝ նույն գյուղի բնակիչ, 21-ամյա Արտակ Կ.-ն:

Արարատի մարզի ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում Արտակ Կ.-ն և Գերասիմ Բ.-ն ինքնակամ ներկայացել են ոստիկանության Արտաշատի բաժին:

Արարատի մարզի ոստիկանները պարզել են նաև, որ Հովհահհնես Թ.-ին պատկանող BMW մակնիշի համարանիշները եղել են 96 NN 969, իսկ նա հետապնդվել է ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենայով: