hraparak.am-ի տեղեկություններով՝ Պետական վերահսկողական ծառայությունը մի քանի օր է՝ ստուգումներ է սկսել Ազգային անվտանգության ծառայությունում։ Հրահանգված է ուսումնասիրել ԱԱԾ ֆինանսատնտեսական գործունեությունը եւ հայտնաբերել այնպիսի խախտումներ եւ չարաշահումներ, որոնք հիմք կհանդիսանան ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ քրեական գործ հարուցելու համար։
Սա աննախադեպ է նրանով, որ անցյալում ԱԱԾ-ում նման ստուգումներ չեն իրականացվել։ Մենք փորձեցինք տեղեկությունը ճշտել ՊՎԾ-ից, քանի որ ԱԱԾ-ն, որպես կանոն, նման տեղեկատվություն չի տրամադրում։
ՊՎԾ մամուլի խոսնակ Սեդա Աղբակյանը մեզ ասաց․ «Բոլոր տեղեկությունները, որոնք հրապարակման ենթակա են, մենք հրապարակում ենք, որոնք հրապարակման ենթակա չեն՝ չենք հրապարակում։ Այս պահին նման տեղեկատվություն ինձ չի տրամադրվել հրապարակման համար»։
Մենք կրկնեցինք հարցը՝ մեզ ընդամենը հարկավոր է հաստատեք կամ հերքեք նման ստուգումների փաստը, խոսնակը կրկին խուսափեց հստակ պատասխան տալուց, կրկնելով վերը ասվածը։
0Comments