«Կարմիր բլուրի» գերեզմանատանը շիրիմները պղծած անձը բերման է ենթարկվել

Վերջին մի քանի օրերին համայնքային «Կարմիր բլուր» գերեզմանատանը կրկնվել են գերեզմանների պղծման դեպքերը

«Կարմիր բլուր» գերեզմանատանը շիրիմները պղծելու կասկածանքով քաղաքացի է բերման ենթարկվել:
Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:


Նշենք, որ Tert.am-ի տեղեկություններով բերման ենթարկված քաղաքացին այն նույն կինն է, ով ոստիկանություն բերման էր ենթարկվել Եռաբլուր զինվորական պանթեոնում և այլ հանրային գերեզմանատներում շիրիմները պղծելու կասկածանքով:


Հիշեցնենք, որ երեկ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչության պետ Հովսեփ Կուբատյանը ֆեյսբուքյան էջում գրել էր.


«Վերջին մի քանի օրերին համայնքային «Կարմիր բլուր» գերեզմանատանը կրկնվել են գերեզմանների պղծման դեպքերը։ «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրինությունը դիմել է ոստիկանություն»։


Ինչ վերաբերում է Եռաբլուրում և այլ գերեզմանատներում շիրիմները պղծելուց հետո բերման ենթարկվելուն, ապա 51-ամյա կինը ոստիկանությունում հայտնել էր, որ այրված մոմ է լցրել շիրմաքարերին՝ անեծքը հանելու համար։ Նա հայտնել էր նաև, որ նմանատիպ գործողություններ կատարել է «Եռաբլուրում» և այլ գերեզմանոցներում։